2015 թվականին կանխատեսվում է մոտ 277 զոհ՝ ճանապարհային երթևեկության խախտումների պատճառով
«Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ ճանապարհային ոստիկանությունն ի զորու չէ օպերատիվ արձագանքել հասարակական կազմակերպությունների ու բնակիչների բողոքներին ու առաջարկներին ու վերացնել ճանապարհային երթևեկությունում առկա բազմաթիվ թերությունները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ճանապարհային երթևեկության ոլորտում թերություններն այնքան շատ են, որ ճանապարահային ոստիկանությունը տեսանելի ապագայում չի կարողանա լուծել այդ խնդիրները: «Մենք նամակներ ենք ուղղել նաև Երևանի քաղաքապետարանին: Դրանց մի մասին պատասխանել են, փորձել են շտկել, մի մասին՝ ոչ: Հետևություն՝ Երևանի քաղաքապետարանը չի կատարում իր վրա դրված նվազագույն պարտականությունները ճանապարահային երթևեկության կազմակերպման նկատմամբ»,- նշեց Է. Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ ըստ իրենց ուսումնասիրությունների՝ ճանապարհային երթևեկության պատճառով զոհվածների թիվը մոտ 3 տարվա ըթնացքում նվազել է 2.7 տոկոսով. «2015 թվականի ավարտին մենք սպասում ենք 1 միլիոն 8 հարյուր հազար խախտում: 2015 թվականին կա միտում, որ զոհերի թիվը կնվազի, կանխատեսվում է մոտ 277 զոհ: Այս ամիսներին զոհերի թիվը շատ է լինում, դրա համար չենք կարող հստակ ասել: Նույնը վերաբերվում է վիրավորներին»: