Բաժիններ՝

«Արի՛, եղբա՛յր, դու էլ ասա՝ չես հավատում, որ վարկերը արդյունավետ ենք օգտագործելու». Միքայել Մելքումյանը՝ ֆինանսների փոխնախարարին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Ըստ նրա՝ նախատեսվում է 2015-17թթ. ստանալ 300 մլն դոլար՝ 3 տարվա ընթացքում հավասար չափաբաժիններով, 2.1% տոկոսադրույքով, 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին՝ արտոնյալ: Ա.Ջանջուղազյանը նշեց, որ այս վարկը կլրացնի բյուջեի պակասուրդը:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ մեծ խնդիր կա վարկերի հետ կապված, և երկրի մթնոլորտի պղտորման պատճառներից մեկն էլ թալանն է: Նրա խոսքով՝ երկրին պետք է մի քանի միլիարդի ներարկում, բայց վստահություն չկա, որ վարկերը արդյունավետ են օգտագործվում: Մ.Մելքումյանը հարցադրում արեց, թե ի՞նչն է խնդիրը, որ կառավարությանը չի հաջողվում մեխանիզմ ներդնել, որ վարկերի օգտագործման թափանցիկությունն ապահովվի: «Արի՛, եղբա՛յր, դու էլ ասա, որ չես հավատում, որ վարկերը բերելու ենք ու արդյունավետ ենք օգտագործելու»,- ասաց Մ.Մելքումյանը:

Ա. Ջանջուղազյանը նշեց, որ սա բյուջետային վարկ է, և դրա արդյունավետության մասին խոսելիս պետք է խոսել բյուջեի ծախսերի արդյունավետության մասին: Նա նշեց, որ այս մուտքերը մեկտեղվում են մեկ հաշվում և օգտագործվում բյուջեի ծախսերի համար, իսկ թափանցիկությունն ապահովվում է, քանի որ պարբերաբար և տարեկան ԱԺ-ին հաշվետվություն է ներկայացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս