ԿԽՄԿ-ն պարբերաբար այցելում է Ասկերովին ու Գուլիևին
ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, կանոնավոր կերպով այցելում է երկու կալանավորված ադրբեջանցիներին։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։
«Ի թիվս նրանց կալանքի պայմանների և նրանց նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման՝ այցի ժամանակ նրանց հնարավորություն է տրվում Կարմիր Խաչի ուղերձների միջոցով կապ պահպանել հարազատների հետ և ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել»,-ասել է Է. Մուսայելյանը։
Կայքը նշում է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը Ժնև այցի ժամանակ ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերի հետ հանդիպելիս խնդրել է օգնել Ասկերովին եւ Գուլիևին բջջային հեռախոսների միջոցով կապ հաստատել հարազատների հետ։
Կայքը հիշեցնում է, որ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել Լեռնային Ղարաբաղի քրեական օրենսգրքի 7, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիևին ՝ 5 հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման: