Գագիկ Հարությունյանը մասնավոր զրույցներում ասել է, որ ինքնաբացարկ կներկայացնի. Հրայր Թովմասյան
«Ես ընդհանրապես չեմ մասնակցել այդ պրոցեսներին, չեմ էլ հետևել այդ պրոցեսներին օբյեկտիվ պատճառներով»,- այս մասին այօր լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սպասելի՞ էր սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների պատկերը:
Նա նշեց, որ տեղեկություն չունի. «Ուստի թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, որովհետև չունեմ տեղեկություն»:
Ինչպես հայտնել ենք, կառավարության այսօրվա նիստի ընթացքում ընդունվեց որոշում, որով նախատեսվում է գումար հատկացնել արդարադատության նախարարությանը՝ սահմանադրության օրինակներ տպելու համար:
Հարցին, թե ինչու Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չտպվեց մինչև հանրաքվեն, որպեսզի քաղաքացիները ծանոթանային դրան, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ինքը բավականին բարդ փաստաթուղթ է, և ես ճիշտ եմ համարում, որ մենք Սահմանադրության փոփոխությունների արդյունքում Սահմանադրության փոփոխության երկու տարբերակ ենք նախատեսում՝ և պառլամենտի կողմից, և հիմնական սահմանադրական կարգի հիմունքների, հիմնական, իրավունքների ազատությունների մասով՝ հանրաքվեի միջոցով: Կան երկրներ, որոնք ընդհանրապես արգելում են Սահմանադրությունը հանրաքվեի միջոցով ընդունելը, որովհետև համարում են, որ այո, դա բարդ փաստաթուղթ է, և թող ներող լինեն մեր բոլոր շարքային քաղաքացիները՝ այսինքն՝ նրանք, ովքեր իրավաբան չեն, և դժվար է ամբողջության մեջ գնահատել Սահմանադրության բոլոր նորմերը: Եվ դրա համար էլ հրավիրում են կամ սահմանադրական ժողովներ, կամ այդ իրավունքը վերապահվում է պառլամենտին: Այս առումով ասել, որ այս պատճառով չպետք է բաժանվեր, ոչ:
Որոշակի քանակությամբ բաժանվել է, դրանք եղել են: Կարո՞ղ եմ գնահատել քիչ էր, շատ էր: Ես կդժվարանամ այդ հարցին ընդհանրապես պատասխանել: Բայց դա չի նշանակում, որ այս փուլում դա անելու անհրաժեշտությունը չկա: Դա անելու անհրաժեշտությունը կա, որովհետև կրկնում եմ՝ այսպես թե այնպես յուրաքանչյուր ոք դրան առնչվելու է: Այսօր անգամ փողոցում ցուցարարների և ոստիկանների հետ ընդհարման ժամանակ դուք մեկ էլ կլսեք՝ այդ ցուցարաներից մեկը հղում է անում Սահմանադրությանը: Սա արդեն ուրախալի փաստ է՝ անկախ ամեն ինչից: Երբեմն ճիշտ չի անում, երբեմն ճիշտ նորմին չի անում, բայց այս երևույթներն ընդհանրապես ուրախալի և լավ երևույթներ են»:
Մեր հարցին՝ արդյոք սահմանադրական հանրաքեի արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու դեպքում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կկարողանա՞ այն օբյեկտիվ քննել՝ հաշվի առնելով, որ վերջինս եղել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ իրավունք ունեմ այդ մասին ասելու, թե չէ, բայց Գագիկ Հարությունյանը մասնավոր զրույցներում ասել է, որ այդ դեպքում ինքը պարզապես ինքնաբացարկ կներկայացնի, չի մասնակցի»: