Նախարարները կճանապարհորդեն էկոնոմ, անվտանգության խորհրդի անդամները՝ բիզնես դասի չվերթներով

Աշխատանքներ են ընթանում ճանապարհորդելու քաղաքականությունը փոխելու համար: Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով՝ հաջորդ տարվա փետրվար կամ մարտ ամիսներից կառավարությունը կունենա տոմսերի պատվերի կենտրոնացված համակարգ:

«Այդ կապակցությամբ մեզ մոտ մշակվում է ճանապարհորդային քաղաքականություն: Առաջարկվում է երեք հիմնական մոտեցում, բայց եթե առաջարկություններ լինեն, հիմա հենց այն փուլն է, որ պետք է ընդունենք: Ուսումնասիրելով այլ երկրների փորձը՝ մենք առաջարկում ենք հետևյալը: Հիմնական կանոնը հետևյալն է՝ բոլոր աշխատողները ուղևորվում են էկոնոմ դասի չվերթներով: Ընդ որում, գնվում է ամենաէժան տոմսը, որը չի ենթադրում վերադարձ, ժամկետի փոփոխում և այլն: Տոմսի կատեգորիան փոխելը, որպեսզի այն ենթադրի վերադարձ կամ ժամկետի փոփոխում, պետք է արվի միայն հատուկ թույլտվության հիման վրա: Պրոցեդուրան կմշակվի:

Երկրորդ խումբ անձինք նախարարներն են, մարմինների ղեկավարները, որոնց համար նախատեսվում է էկոնոմ դասի տոմս՝ բացառությամբ այն դեպքերի, երբ թռիչքի տևողությունն 8 ժամից ավել է: Երրորդ խումբն անվտանգության խորհրդի անդամներն են, ում համար նախատեսվում է բիզնես դասի տոմս: Նախատեսվում են մի քանի լրացուցիչ կանոններ, երբ աշխատողներն իրավունք ունեն դիմելու վերադասին՝ առանձին թույլտվություն ստանալու համար:

Մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին է, երբ միանգամյա թռիչք չէ, այլ տրանզիտ թռիչք է, և օդանավակայանում սպասելու ժամկետը գերազանցում է 5 ժամը: Այդ դեպքերում հնարավոր են ալտերնատիվ տարբերակներ՝ առաձին թույլտվության հիման վրա»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ չի սահմանափակավում, որ անձինք կարողանան գնել այլ տոմսեր. դա պարզապես չի փոխհաուցվի պետական բյուջեի հաշվին:

Տեսանյութեր

Լրահոս