«Երևում է, որ ԱՄՆ-ն ավելի ակտիվ է ուզում ՀՀ-ում աշխատանքներ ծավալել»

Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն Մանվել Սարգսյանը

– Սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններն ի՞նչ են նշանակում, դրանք ի՞նչ ազդեցություն կունենան մեր երկրում հետագա քաղաքական զարգացումների վրա:

– Վերջին ամիսներին ԱՄՆ-ը հիմնականում դեսպանատան խողովակով շատ սուր է դնում ՀՀ-ում կոռուպցիայի խնդիրը, երբ անգամ գնահատական է տալիս, որ դա ազգային անվտանգությանն է վտանգ ներկայացնում, հիմա էլ հանրաքվեի կեղծարարությունների հետ կապված, փաստորեն, նորից դրա օրինականության հարց դրվեց, և պահանջներ դրվեցին: Պարզ երևում է, որ հստակ ճնշում կա, և նպատակներ ունեն, երևում է, որ ԱՄՆ-ը ավելի ակտիվ է ուզում ՀՀ-ում աշխատանքներ ծավալել, խոսում են ներդրումների մասին, ամերիկյան ընկերությունը գնել է Որոտանի ՀԷԿ-ը, նաև այլ զարգացումներ կան:

Պայմանների խնդիր է, կարծում եմ, ավելի են կարծրացնում և հստակեցնում իրենց պայմանները: Եվ շատ բնական է, որ մեծ խուճապ կա մեր չինովնիկների մոտ, որովհետև իրենք էլ են լավ զգում, թե ինչ է կատարվում, և այն միակ հույսը, որ Ռուսաստանի հետ է կապված, որ թիկունք ունեն, հնարավորություն է տալիս ինչ-որ կոշտ բաներ խոսել:

Բայց ինձ մոտ տպավորություն է, որ թե՛ Եվրոպայի կողմից, որն առաջարկել է Ասոցացման պայմանագրի նման նոր պայմանագիր կնքել ՀՀ-ի հետ, թե՛ ԱՄՆ այս ակտիվությունը, իհարկե, կապված է այն նոր միջազգային իրավիճակի հետ, որ ստեղծվել է վերջին ամիսներին, երբ ՌԴ-ն սեպտեմբերի 30-ին մտավ Սիրիա: Դրանով նոր հարաբերություններ ստեղծվեցին Արևմուտքի և ՌԴ-ի միջև, որոնք, ինչպես ցույց տվեց երեկ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցը Մոսկվա, կարծես զարգացման են գնում, և ուկրաինական ճգնաժամի վրա ստեղծված հակադրությունը, կարծես, փորձում են մեղմել, և ոչ միայն մեղմել, այլև նոր հարաբերություններ ստեղծել ՌԴ-ի հետ: Այնպես որ, նոր ստեղծված իրադրությունում զարմանալի չէ, որ Արևմուտքը Հայաստանում էլ է ակտիվ:

– Սակայն մեր իշխանությունները կարծես թե այնքան էլ լուրջ չեն վերաբերվում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններին, ասում են, թե նրանք իրավունք չունեն ՀՀ ներքին գործերին միջամտելու, և այլն:

– Դեռ անցյալում են, ապրում են մինչ սեպտեմբերի 30-ի իրականությունում, ու բավականին վատ են հասկանում աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները, և այն հույսով են, որ թիկունք ունեն Մոսկվայից, բայց իրականության մեջ դա այդպես չէ, որակական շատ փոփոխություններ կան: Ես կարծում եմ, որ ԵՄ-ի հետ ՀՀ բանակցությունները բավականին հեշտ կընթանան այս նոր վիճակում, և ստորագրելու խոչընդոտ չի լինի Ռուսաստանի կողմից:

Նույնն էլ ԱՄՆ-ի հետ է կապված, իսկ այստեղ չինովնիկները դեռ ապրում են ամիսներ առաջվա իրավիճակում: Երևի թե կգիտակցեն ինչ-որ մի բան, որովհետև անցած անգամ կոռուպցիայի հետ կապված ամպագոռգոռ հայտարարություններից հետո տեղեկություն եղավ, որ իշխանության ներսում դա ինչ-որ ձևով դատապարտվել է, վախեցան, սկսեցին նոր բաներ ասել: Բայց դե ինչ էլ ասեն, կոռումպացված համակարգ է, և դա իրենց համար մահ է, ճար չունեն:

– Մահ է փոփոխությո՞ւն անելը:

– Մարդկանցից պահանջում են կեղծարարություն չանել, կոռուպցիայով չզբաղվել, և արդեն այլ ակնարկներ կան, որ կարող են անձնական սանկցիաների տակ դնել:

– Այդ պատժամիջոցների սպառնալիքն ԱՄՆ դեսպանատան կողմից որքանո՞վ է իրական, ո՞ւմ այն կարող է վերաբերել:

– Բոլորի վրա կարող է տարածվել: Օրինակ` Ադրբեջանում հսկա ցուցակներով դատական համակարգի վրա դրեցին պատժամիջոցներ: Կարող է այստեղ էլ, քանի որ պահանջ ունեն, որ ընտրակեղծիքների այս բոլոր ցայտուն դեպքերն ուսումնասիրվեն, ու դատական գործեր բացվեն, կարող է այստեղ էլ դատական համակարգից սկսեն:

– Ընտրակեղծիքների հետ կապված իշխանությունը կարծես ոչինչ չի պատրաստվում անել, ցանկացած ընտրատեղամասում էլ, եթե վերահաշվարկ է արվում, ի հայտ եկած խախտումները փորձում են կոծկել: Սահմանադրական դատարան դիմելու գործընթացն էլ պասիվ է, և մինչև ուրբաթ, երբ լրանում է ՍԴ դիմելու վերջնաժամկետը, չեն հասցնի անհրաժեշտ ստորագրությունները հավաքել, ու այդ խնդիրը չի լուծվի:

– Այստեղ ոչ մի նոր բան ես չեմ տեսնում, ես ընդհանրապես չեմ անդրադարձել այդ հանրաքվեին, որովհետև պարզ է, որ դա մեկը մեկին կրկնում է այս 25 տարվա մեջ ունեցած կեղծ ընտրությունների թոհ ու բոհը, երբ բողոքողները գիտեն ու հայտարարում են, որ ամեն ինչ կեղծվելու է, և ազատորեն կեղծում են, բոլորը մասնակցում են, և ամեն մեկն իր դերն ունի: Չգիտեմ՝ ինչ են ուզում դրանից ստանալ: Որևէ նորություն չկա, միայն նորությունը գուցե դա է, որ այս անգամ Արևմուտքը կոշտ գնահատական տվեց և, փաստորեն, առաջին անգամ էր, որ թե՛ դիտորդները, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵԽ ԽՎ-ն այլ կերպ վերաբերվեցին: Միակ նորությունը դա էր, և դա ես կրկին կապում եմ միջազգային իրավիճակի հետ: Ներհայաստանյան մթնոլորտում ոչ մի փոփոխություն չկա:

– Իսկ եթե, այնուամենայնիվ, հաջողվի անհրաժեշտ ստորագրությունները հավաքել և դիմել Սահմանադրական դատարան, դա որևէ արդյունք կտա՞, փոփոխություն հնարավո՞ր է:

– Ոչ, ինչի՞ մասին է խոսքը: Այդ ընթացակարգերով անցնելն առավել լեգիտիմացնում է ընտրությունը, որովհետև ԿԸՀ-ն արդյունքը հայտարարել է, հետո վերահաշվարկ եղավ, հետո նորից` ՍԴ: Դա հարցը փակելու ձև է, ես չգիտեմ` ինչ են ուզում, անում են, որ փակե՞ն հերթական անգամ, էդքան միամի՞տ են, որ մտածեն, թե Սահմանադրական դատարանն ինչ-որ բան է փոխելու: Ես չեմ կարծում, որ էդքան միամիտ են: Ավելի շուտ ինչ-որ կուսակցություններ, ուժեր ուզում են տանեն, վերջնական փակեն հարցը, բոլոր ընթացակարգերով անցկացնեն, գցեն մի կողմ, ինչպես մինչև հիմա արվել է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

– Հանրաքվեին 400 հազարից ավելի քաղաքացի «ոչ» քվեարկեց և, ըստ էության, դեմ քվեարկեցին ոչ թե սահմանադրական փաստաթղթին, այլ իշխանություններին, բայց հիմա այդ մարդկանց շատ-շատ քիչ տոկոսն է փողոց դուրս գալիս իր բողոքն արտահայտելու: Ստացվում է, որ իշխանությունն իր ցանկացածն անում է, իսկ մարդիկ չեն վստահում ընդդիմությանն ու նրա հետևից չեն գնում:

– Նորություն չէ դա: Մոտիվացիան է կարևոր, թե ինչու են մարդիկ այս կամ այն կուսակցություն մտնում, ինչ նպատակներով են մտնում այդ պրոցեսների մեջ՝ փայլուն հասկանալով, թե ինչ է լինելու: Եվ հայտարարություններից երևում է, որ ինչ-որ մեկն ուզում է դրա մեջ դիվիդենտ գտնի, ասի, որ ուժեղ է, մյուսը` ինչ-որ ուրիշ բան: Ընդամենը դա է: Միայն ՀՅԴ-ն պարզ, հստակ դիրքորոշում ուներ, ասաց, որ պետք է այդպես լինի, և ՀՀԿ-ի հետ միասին մինչև վերջ անցան: Չգիտեմ, թե ինչի համար, դա իրենց դիրքորոշումն էր: Մնացածներին այլևս չես կարողանում հասկանալ, թե մարդիկ ինչ էին որսում այդ ամեն ինչի մեջ: Ավելի շուտ` ոչ մի բան, պարզապես զբաղմունք է՝ ապացուցել, որ կուսակցական գործունեություն կա:

Մինչդեռ բոլորը հստակ հասկանում են, որ կուսակցությունները բարոյալքվել են, մի մասը մինչ այդ հերթ էր կանգնում Սերժ Սարգսյանի մոտ, մի մասն այս մասնակցություններով փորձում էր տեղ գտնել քաղաքական պրոցեսներում: ՀՀ-ում սիրված մի դեր կա` կենտրոնական ընդդիմություն լինելու դերը: Ամեն ինչը մենք տեսել ենք բազմաթիվ անգամ, և այս անգամ էլ ես նույնն եմ տեսել ընդամենը, ուրիշ ոչ մի բան: Ժողովրդին չկարողացան համոզել, որ սա կարևոր բան է, հետընտրական պրոցեսներին էլ մարդիկ դուրս չեն գալիս, և այս առումով խաղաղ անցավ այս ամեն ինչը: Դրա համար կարծում եմ, մարդկանց ամեն կոնկրետ խումբ իր մոտիվացիան ուներ, և սա էլ անցավ-գնաց:

– Իսկ այս լճացած քաղաքական իրավիճակի փոփոխությունն ի՞նչ կերպ եք տեսնում, հնարավո՞ր է փոխել իրերի դրությունը:

– Խնդիրը մոտիվացիան է, նայած, թե ինչ խնդիր է ձևակերպվում: Երբ ժողովուրդը ձևակերպված խնդիր է ունենում, շատ ակտիվ է լինում: Օրինակ` խաղողի հետ կապված, մինչ այդ այլ խնդիրների հետ կապված մասսայական բողոքարկումներ եղան, ճանապարհներ փակեցին, պայքարեցին: Երբ պարզ, հստակ խնդիր է դրվում, մարդիկ դուրս են գալիս, իրենց խնդիրը լուծում են ու գնում տուն: Էլ չեմ ասում ամառվա Բաղրամյանը՝ տեսանք: Երբ խնդիրը պարզ է, հստակ և մարդկանց հուզում է, մարդիկ շատ ակտիվ պայքարում են Հայաստանում և արդեն բավականին գրագետ են պայքարում, մեծ խնդիրներ են ստեղծում գործող ռեժիմի համար, ուժ կիրառելու և այլ:

Մեծ փոփոխություններ կան: Եթե խոսում ենք քաղաքական փոփոխությունների մասին, պետք է դիտարկել, թե ինչ խնդիրներ են դրված: ՀՀ-ում 25 տարին մեկ խնդիր է` իշխանափոխություն: Անմիջապես 1992-ից հարց բարձրացվեց իշխանափոխության, և ուրիշ ոչ մի բան, ասում են` իշխանությունը երկիրը հասցրել է չգիտեմ ինչ վիճակի, և ուրիշ խնդիր չկա, ով ուրիշ խնդիր է դնում, ուրեմն ծախված է գործող վարչախմբին: 25 տարի նույն նախադասություններն են, բոլորն էլ գնալով փայլուն հասկանում են, որ իշխանափոխությունը նշանակում է` մի խումբ կհեռանա, մի այլ խումբ կգա` առանց ընտրությունների, որովհետև իրական ընտրություններ չկան:

Եվ այսպես կմնա այնքան, մինչև ստեղծվի ուժ, որը խնդիրը կձևակերպի ի վերջո` ո՞րն է այս երկրի քաղաքական խնդիրը: Դա բազմաթիվ անգամ ձևակերպվել է, այս մասին բազմաթիվ անգամ խոսվել է, այնպես չէ, որ պարզ չէ, բայց չկա խումբ, որն իր վրա պատասխանատվություն է վերցնում և ցանկություն ունի այդ խնդիրը լուծելու:

Տեսանյութեր

Լրահոս