ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն առնչվող մի շարք հարցեր

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է «Հայաստանի ուղևորափոխադրումների կազմակերպում», «Անհատ տաքսիների վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն», «Աջակցություն տաքսի սերվիզներին», «Հայաստանի փոխադրողների միություն» և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացքում հասարարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են մի շարք մտահոգությունների մասին, որոնք ոչ միայն Արդարադատության նախարարության, այլև մի շարք այլ գերատեսչությունների իրավասության ներքո են եղել: Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար ՀՀ կառավարության կողմից առաջարկվող օրենսդրական փաթեթին՝ նրանք մտահոգություն են հայտնել տաքսիների կողմից արգելված վայրերում կայանումների համար տուգանքների, բալային համակարգի ներդրման վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ՀԿ ներկայացուցիչների բոլոր մտահոգություններն ու առաջարկությունները քննարկման առարկա դարձնելու պատրաստակամություն է հայտնել և նշել, որ ՀՀ կառավարությունը փորձել է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք կկարգավորեն ոլորտը, հնարավորինս կբավարարեն վարորդների և բոլոր շահագրգիռ կողմերի պահանջները:

Բալային համակարգին անդրադառնալով՝ նա պարզաբանել է, որ վարորդը մեկ տարվա ընթացքում պետք է 300 հազար դրամի չափով տուգանվի, որպեսզի հավաքի 600 բալ, քանի որ նվազագույն աշխատավարձի մեկ միավորը հաշվարկվում է երկու բալ: Ըստ նրա՝ դա ենթադրում է, որ միջին հաշվարկով վարորդը մեկ տարվա ընթացքում պետք է կատարի գրեթե 120 խախտում: Սակայն, եթե վարորդը պարտաճանաչ կերպով վճարում է սահմանված տուգանքը, ապա նրա այդ խախտման համար սահմանված բալերը կիսով չափ կրճատվում են: Նախարարի տեղակալը հավելել է նաև, որ այս կարգավորմամբ նախատեսվում է կիրառել նախազգուշացման ինստիտուտը, և այն խախտումների համար, որոնք միտում չեն պարունակում և հանրային վտանգավորություն չունեն, տուգանք չի նախատեսվում: Ավելին՝ կան խախտումներ, որոնք, եթե տեղում վերացվեն, ապա դրանց համար նույնպես տուգանք չի նախատեսվի:

Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը հավաստիացրել է, որ առկա մտահոգություններն ու առաջարկությունները կներկայացվեն ՀՀ արդարադատության նախարարին, ինչպես նաև՝ նախագծերի մշակման աշխատանքային խմբին և լրացուցիչ կքննարկվեն:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս