«Աշխարհում կշարունակվեն ահաբեկչական պատերազմները». աստղաբան-էզոթերիկը՝ 2016թ. սպասվող իրադարձությունների մասին

«2016թ. գույներն են համարվում կարմիրը, ալ կարմիրը, ոսկեգույնի բոլոր երանգները, որպես երկրորդական գույներ՝ հանդես են գալիս դեղինը, ծիրանագույնը և բաց կապույտը: Մետաղներից՝ ոսկին, քարերից՝ ռուբինը, սաֆիրն ու ցիտրինը»,- այսօրվա ասուլիսին ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ տարվա ընթացքում լինելու են երկու արևային և երկու լուսնային խավարումներ. «Ամենակարևորը մարտի 9-ին սպասվող արևի խավարումն է, որը կանցնի Ձկներ և Կույս ուղեծրով, և բավականին հետաքրքիր ազդեցություն է սպասվում այդ շրջանում»:

Ըստ նրա՝ այս պահին մենք մի իրավիճակում ենք, երբ հին էներգիան չկա, իսկ նորի մեկնարկը դեռ չի տրվել. «Մեկնարկը կսկսվի մարտի 21-ից, իսկ տոտեմի նշանը սկսում է գործել փետրվարի 8-ից: Այս փուլում շատ կարևոր է տարեմուտը հնարավորինս պոզիտիվ դիմավորել, որովհետև հենց այս շրջանում ենք ստեղծում մեր հետագա 1 տարվա ծրագիրը: Բողոքի էներգիան պետք է գիտակցաբար նվազեցնել»:

Նա ընդգծեց՝ Հայաստանում 2016թ. պատերազմներ չեն սպասվում, բայց սահմանային լարված իրավիճակը կպահպանվի. «Մենք բոլոր գործառույթներն ունենք, որպեսզի դինամիկ, արագ աճ ապահովենք մեզ համար: Իսկ աշխարհում կշարունակվեն ահաբեկչական պատերազմները, որոնք տեղի են ունենում, որպեսզի նոր հասարակական մոդել ձևավորվի: Երբ որոշ պետություններ ուզում են զարգանալ, հայտնվում են ինչ-որ ուժեր, որոնք կանխում են դա, օրինակ՝ Իսլամական պետությունը, որը կարող էր, ասենք, 20 տարի առաջ ձևավորվել: Հետաքրքիր ու մի փոքր լարված տարի է սպասվում»:

Լրագրողների հարցին, թե օրեր առաջ աստղաբան Էլյա Հովհաննիսյանը 2016թ. համար բացասական կանխատեսումներ արեց, և ինչպե՞ս է լինում, որ աստղերը մեկին մի բան են ցույց տալիս, մյուսին՝ այլ, նա պատասխանեց. «Ձեր հարցին ֆրանսիացի շատ տաղանդավոր մի էզոթերիկ վաղուց պատասխանել է. «Աստղաբանությունը ցնդած պառավների հետաքրքրության առարկա չէ»: Հետևաբար՝ կարող են բոլորը խոսել, բայց այդ ամենը պետք է հիմնավորվի գիտական տվյալներով ու մոտեցումներով»:

 

Տեսանյութեր

Լրահոս