
Եվգենի Կիսինը հրաժարվում է ելույթ ունենալ Թուրքիայում

Ռուս դաշնակահար Եվգենի Կիսինը «Նյու Յորք Թայմզին» տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Նա մասնավորապես հայտարարել է, թե ելույթ չի ունենա Թուրքիայում, քանի դեռ նրանց կառավարությունը չի ճանաչել1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները որպես ցեղասպանություն:
«Իմ անձնական համոզմունքն է, որ եթե երաժիշտներից շատերը հրաժարվեն ելույթ ունենալ Թուրքիայում, այնտեղ կհասկանան, որ ժողովուրդը տուժում է իր ղեկավարների արարքներից, ինչն էլ կխթանի կիրթ մտածելակերպով մարդկանց առավել տեղեկացվածությանը»,- ասել է Եվգենի Կիսինը:
Նա նաև նշել է, որ արդեն վեց տարի է՝ ելույթ չի ունեցել Ռուսաստանում, սակայն հնարավոր է, որ այնտեղ հանդես գա 2017-ին:
Ի դեպ, Եվգենի Կիսինը վերջին երեք տարիների ընթացքում երկու անգամ Հայաստան է ժամանել՝ 2012 և 2015 թվականներին, մենահամերգային մեծ ծրագրով, ինչպես նաև խոշոր բարեգործական ձեռնարկներով: