Ռուսաստանը նոր պատժամիջոցներ է պատրաստում Թուրքիայի դեմ
Ռուսաստանը պատժամիջոցների երկրորդ փուլն է պատրաստում Թուրքիայի դեմ, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով ՌԴ էկոնոմիկայի նախարարության վճռի նախագծին, որն ուղարկվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
Համաձայն փաստաթղթի՝ սահմանափակումները տարածվելու են շինարարական ծառայությունների ներկրման, զբոսաշրջային, հյուրանոցային ծառայությունների, ինչպես նաև փայտամշակման ու ՌԴ-ի ավիաընկերությունների քաղաքացիական անձնակազմի՝ Թուրքիայում վերապատրաստման վրա:
Միաժամանակ, ամբողջությամբ արգելվում է ՌԴ պետգնումներում թուրք քաղաքացիների ցանկացած մասնակցությունը: Պատժամիջոցները, ըստ պարբերականի զրուցակցի, վերաբերելու են միայն նոր պայմանագրերին, ռուսական շուկայում արդեն աշխատող թուրքական ընկերություններն ապագայում կարող են բացառություն համարվել:
Պատժամիջոցների իրագործման վերահսկողությունը կարող է հանձնարարվել «Ռոսֆինմոնիթորինգին»՝ ԿԲ-ի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել նոյեմբերի 28-ին:
Դրանք նախատեսում են արգելք չարտերային չվերթերի, առևտրական կապերի ու ՌԴ-ում Թուրքիայի քաղաքացիների աշխատանքի վրա: