Լիբանանի դատարանը Քադաֆիի որդու կալանավորելու հրաման է տվել
Լիբանանի պետական դատարանը 2011թ. սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի որդուն կալանավորելու հրաման է տվել:
Դատավորը հայտարարել է, որ Հաննիբալ Կադաֆին մեղադրվում է 37 տարի առաջ ազդեցիկ շիա կրոնական գործչի անհետացման հանգամանքները թաքցնելու մեջ:
Մուսա Սադրը եղել է Լիբանանի շիաների գերագույն խորհրդի ղեկավարն ու 20-րդ դարի շիա ամենահայտնի աստվածաբաններից մեկը: 1978 թվականին նա այցելել է Լիբիա ու անհետացել այնտեղ երկու այլ աստվածաբանների հետ: Մուամար Քադաֆին հերքել է, թե ինչ-որ առնչություն է ունեցել Մուսա Սադրի անհետացմանը, սակայն շատերն էին կասկածում, թե նա է հրամայել սպանել կրոնական գործչին:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հաննիբալ Կադաֆիին Լիբանանում անհայտ անձինք առևանգել են, սակայն մի քանի ժամ անց ազատել Բաալբեկ քաղաքում, որը գտնվում է Բեյրութից հյուսիս-արևելք:
Լիբանանյան մասնավոր «Ալ-Ջադիդ» հեռուստաալիքը ցուցադրել է Հաննիբալ Կադաֆիի ուղերձը, որտեղ նա կոչ է արել բոլորին, ով երբևէ լսել է Լիբիայում շիա աստվածաբան Մուսա Սադրի մասին, տեղեկություն հայտնի այդ մասին: Ընդ որում՝ Հաննիբալ Կադաֆիի դեմքին տեսանելի են եղել ծեծի հետքեր:
Մուամար Կադաֆիի տապալումից հետո 2011-ին Հաննիբալը, որը ներկայում 40 տարեկան է, ինչպես նաև նրա եղբայրը՝ Մուհամմեդն ու քույրը՝ Աիշան, փախել են Ալժիր: 2012թ. Հաննիբալը քրոջ ու մոր հետ ապաստան են ստացել Օմանում:
Որքան հայտնի է, Օմանում նրանք գտնվել են տնային կալանքի տակ: Թե երբ ու որտեղ է Հաննիբալն անհետացել Լիբանանում, անհայտ է:
Հաննիբալը զբաղվում է բիզնեսով, նրա կինը ծագումով Լիբանանից է: