Մալաթիայի նախկին թաղապետի որդու սպանությունը կատարելուն դրդելու գործով նիստը հետաձգվեց
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրան Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով առանձնացված վարույթի քննությունը:
Դատարան չէին ներկայացել գործով մեղադրողն ու տուժողի իրավահաջորդի ներկայացույցիչը: Մեղադրողը դատարանին հայտնել էր, որ մասնակցում է ԵԽ փորձագիտական խմբի պատվիրակության հետ հանդիպմանը, չի կարող մասնակցել դատական նիստին և խնդրել էր այն հետաձգել: Այդ պատճառով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանը ևս դատարան չէր ներկայացվել: Մեղադրողի բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 29-ը:
Դատական նիստերի քարտուղարը հայտնեց, որ վկաներից մեկի բերման ենթարկելու որոշումը չի կատարվել:
Հիշեցնենք, որ Նարեկ Խաչատրյանին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ստեփան Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով դրդել՝ պատվիրել են սպանել Սեդրակ Զատիկյանին»:
Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին: Նրա վարած մեքենայի վրա կրակոցներ էին արձակվել Սեբաստիա և Տիչինա փողոցների հատման խաչմերուկում: Տեղում մահացել էին Սեդրակ Զատիկյանը, ինչպես նաև պատահական անցորդ: Այս գործով ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում կայացվել էր դեռ 2007թ. հուլիսին. նա գտնվել է հետախուզման մեջ և հայտնաբերվել 8 տարի անց՝ 2015թ. մայիսին: Նշենք, որ դատարան ուցարկվելուց հետո ըստ էության նիստեր չեն կայացել, դրանք հետաձգվել են տարբեր պատճառներով: