«Այս քսան քանի տարվա մեջ իրենք ի՞նչ են արել…». Թևան Պողոսյանը՝ ԱՄՆ դեսպանատան մասին

«Երևի ճիշտ կլինի՝ ԱՄՆ դեսպանատունն ինքը մեկնաբանի, թե ինչու է կոշտ կամ փափուկ հայտարարություն տարածել, բայց մենք պետք է սովորենք ինքներս մեր խնդիրների լուծումը գտնել և ոչ թե սպասել՝ որևէ մեկը կգա՝ հայտարարություն կանի կամ չի անի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան արած հայտարարության մասին:

Նա նկատեց, որ սկսած 1990 թվականից՝ ԱՄՆ-ը Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականացնում, ու իրենց ծրագրերն էլ «որևէ պտուղ չեն տալիս». «Իրենց էլ պետք է հարց բարձրացնենք, թե այդ քսանքանի տարվա մեջ իրենք ի՞նչ են արել, որ իրենց հենց ծրագրերը որևէ պտուղ չեն տալիս: Ուրախ եմ, եթե երկրները մտահոգվում են՝ Հայաստանում տեսնել բարեկեցիկ երկիր, և այլն, բայց այդ պարագայում էլ՝ այն հարցը պետք է բարձրացնել, թե ինչքանո՞վ եք դուք նպաստել դրան, ծրագրեր եք արել, որոնք որևէ արդյունք չեն տվել»: Հարցին՝ կարելի՞ է ասել՝ պետություններն իրենց շահերի տեսանկյունից ելնելով են նման հայտարարություններ անում, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ ցանկացած երկիր առաջնորդվում է միայն և միայն իր շահերով: «Հայաստանն էլ բոլոր խնդիրներում պետք է առաջնորդվի իր սեփական շահերով, բոլորն էլ իրենց շահերով են առաջնորդվում: Եթե ԱՄՆ-ը նման հայտարարություն է անում, կամ ծրագրեր են նախագծում, իրենց շահերից ելնելով են անում: Կլինի՞ հայտարարություն, թե՞ ոչ, մեր գործողությունները դրանով չպետք է պայմանավորված լինեն»,- նշեց Թևան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս