««Ոչ»-ը չի ասում՝« ոչ»-ից հետո ինչ քայլեր է տեսնում». Վարդան Այվազյան
«Իսկական աշխատանքը հիմա է սկսվելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: Նրա խոսքով, լուրջ, տիտանական, մանրակրկիտ աշխատանքի սկիզբ է դրվել: Վ. Այվազյանը կարծում է՝ «այո»-ի և «ոչ»-ի ռեալիթի շոուն երկու ճակատներին տվեց իրար հասկանալու հնարավորություն, որի կարիքը շատ կար. «Միմյանց, ինչպես նաև միասին բնակչության հետ շփվելու կարիքը շատ կար: Ես զգում էի այդ պակասը»:
Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոսի՝ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի գնահատմամբ էլ՝ այդ նախաձեռնությունը լավն էր, սակայն եղան բացեր, որոնք այդպես էլ չշտկվեցին: Ըստ նրա՝ մրցակցության բացակայության պակաս կար. «Սա մի տեսակ զգալի էր, քանի որ ՀՀԿ-ն իրենից դուրս մրցակից չթողեց»: Վ. Այվազյանի խոսքով էլ, որևէ մեկն իրենց չառաջարկեց, թե այս Սահմանադրության մեջ կոնկրետ ինչը դուր չի գալիս. «Մենք ասում ենք քայլերի հաջորդականություն, ցավոք սրտի, «ոչ»-ը չի ասում՝« ոչ»-ից հետո ինչ քայլեր է տեսնում»: