«Սպանված Ավետիսյանների անուններն ընտրացուցակներից հանված են եղել». Արամ Թամազյան

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում տեղ գտած ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Քննչական կոմիտեում ստացվել է 201 հաղորդում, լրատվամիջոցների հրապարակում, ահազանգ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արամ Թամազյանը:

Նա նշել է, որ Քննչական կոմիտեում ստացված հաղորդումների, լրատվամիջոցների հրապարակումների վերլուծությամբ պարզվել է, որ հանրապետությունում ձևավորված 1997 տեղամասերից 1839-ում կամ 92.1 տոկոսի դեպքում անցկացված հանրաքվեի ընթացքում խախտումների մասին որևէ հաղորդում, ահազանգ չի ստացվել:

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ 2015թ. դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ ստացված 201 հաղորդումների, հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել է 12 քրեական գործ, 135-ով կայացվել են քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումներ:

«Կատարված վերլուծությունները վկայում են նաև, որ անհամեմատ քիչ են ընտրախախտումների վերաբերյալ ընտրական հանձնաժողովների անդամների կողմից ներկայացված հաղորդումները, հակառակ դրան՝ ահազանգերի հիմնական մասը լրատվամիջոցների հրապարակումներն են»,- ասաց Արամ Թամազյանը՝ նշելով, որ ամեն հրապարակում կամ ահազանգ չէ, այն էլ՝ երբեմն միջնորդավորված, որում նշված հանգամանքները համապատասխանել են իրականությանը և կարող են քրեական գործ հարուցելու համար հիմք հանդիսանալ:

Որպես օրինակ՝ Արամ Թամազյանը ներկայացրեց «Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված Ավետիսյնները ևս քվեարկել են» մամուլի հրապարակումը՝ նշելով, որ այն բացարձակ իրականությանը չի համապատասխանում, և դժվար չէր մինչև հրապարակումն ընտրատեղամասերում փակցված ցուցակներից ճշտել, որ Ավետիսյանների անուններն այդ ցուցակներից հանված են եղել: Արամ Թամազյանն ասաց, որ այս դեպքում քրեական գործի հարուցումը մերժվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս