Ի՞նչ է երջանկությունը
– Ի՞նչ է երջանկությունը:
– Երջանկությունը մարդու հոգու խաղաղ, երանական հանգիստ վիճակն է: Երջանկությունն Աստծո ներկայությունն է մարդու մեջ, առանց որի մարդը չի կարող երջանիկ լինել: Ոմանք կարծում են, որ երջանկություն կապված է բարեկեցության, վայելքների, երաժշտության, արվեստի բնագավառում ինչ-ինչ հոգեկան պահանջմունքներ բավարարելու հետ: Մինչդեռ մարդկության պատմության փորձը ցույց է տալիս, որ այդպես չէ, այլապես աշխարհի ամենաերջանիկ մարդիկ պետք է լինեին հարուստները, արվեստագետները, հանրաճանաչ, հռչակավոր մարդիկ: Այդ ամենը անցողիկ, խաբուսիկ բաներ են և կարող են միայն երջանկության պատրանք ստեղծել: Երջանիկ մարդն ապրում է Քրիստոսով, Քրիստոսի մեջ: Երբ մարդու կյանքից բացակայում է Աստված, երջանիկ լինել չի կարող:
Այստեղ խիստ պատշաճ են Սողոմոն Իմաստունի խոսքերը. «Ունայնություն ունայնությանց» (Ժող.1: 2):Երջանիկ լինել, Քրիստոսով ապրել, չի նշանակում ապահով, բարեկեցիկ կյանք վարել: Աստվածաշնչյան սրբերի կյանքից հայտնի է, որ ամենաերջանիկ մարդը Սուրբ Կույս Մարիամ Աստվածածինն էր: Սուրբ Գիրքը վկայում է այդ. «Օրհնյա՜լ ես Դու կանանց մեջ, և օրհնյալ է Քո որովայնի պտուղը…» (Ղուկ. 1: 42): Սակայն, Նա հանգիստ, բարեկեցիկ կյանք չունեցավ: Անընդհատ վտանգների, հալածանքների, փորձությունների մեջ էր, սակայն երջանիկ մարդ էր, որովհետև Քրիստոսին կրեց Իր որովայնում, սնեց, մեծացրեց, այսինքն` մարմնով կրեց Քրիստոսին:
Օրհնությամբ՝ Տ. Գրիգոր քահանա Հովհաննիսյան
qahana.am