«Կադրերի բաժին N 168»-ում Սոնա Հովհաննիսյանն է. «Վազիր Լոլա, վազիր»
«Կադրերի բաժին N 168»-ում այս շաբաթ ընթերցողներին իր կինոառաջարկն է ներկայացնում «Հովեր» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը, ով մեզ հետ զրույցում անկեղծ հայտնեց այն մասին, որ կինոսեր չէ, և ավելին՝ իրեն երբեք չի հաջողվում սկզբից մինչև վերջ կենտրոնացած նայել որևէ ֆիլմ: Այնուամենայնիվ, կա մեկը, որ ոչ միայն դուր է եկել խմբավարին, այլև խորհուրդ է տալիս դիտել նաև մեր ընթերցողներին: Դա գերմանացի կինոռեժիսոր Թոմ Թիքվերի հեղինակած «Վազիր Լոլա, վազիր» (գերմ. «Lola rennt») հայտնի ֆիլմն է, որը նկարահանվել է 1998թ. Գերմանիայում:
Իր կինոառաջարկը Սոնա Հովհաննիսյանն այսպես է մեկնաբանում. «Ես հասկանում եմ՝ շատ վատ է այն փաստը, որ ես չեմ կարողանում կենտրոնանալ՝ սկզբից մինչև վերջ որևէ ֆիլմ նայելու համար, բայց կա մեկը, որ անմոռանալի ազդեցություն է թողել ինձ վրա. խոսքս «Վազիր Լոլա, վազիր» գերմանական ֆիլմի մասին է, որն իր ասելիքով ու տրամադրությամբ ինձ միանգամից գրավեց: Այս ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է արվեստը կարողանում փոխել կյանքի ընթացքն ու հետ պտտել ժամանակը: Այդ ֆիլմում նկարագրված ժամանակների խաղն ինձ շատ է գրավել, որովհետև արդեն մի անգամ ասել եմ, որ կրկնվող պատմություններ իմ կյանքում հաճախ են պատահում, դրանք ինձ համար արդեն սովորական երևույթներ են, որը ես տեսնում եմ նաև այս ֆիլմում: Ֆիլմի էսթետիկան, ռիթմը, տարօրինակություններն ու արտասովորությունները տրամադրության խնդիր են, որ ինձ և´ գրավել են, և´ հոգեհարազատ են»:
Գերմանացի ռեժիսոր Թոմ Թիքվերի ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես կարող է ճակատագիրը փոխվել աննշան մանրուքների և պատահականությունների պատճառով: Լոլան վազում է, սակայն դա պատահական չէ: Թիքվերն ասում է` երբ մարդիկ վազում են, նրանք միաժամանակ արտահայտում են և՛ հիասթափություն, և՛ երջանկություն, և՛ ամեն ինչ: Լոլան շատ է վազում…
Ֆիլմում նկարահանվել են գերմանական կինոյի հայտնի աստղեր Ֆրանկա Պոտենտեն և Մորից Բլայբտրոյը, ֆիլմի բյուջեն կազմել է 3.5 մլն մարկ, տևողությունը՝ 81 րոպե է:
«Վազիր Լոլա, վազիր»-ը տարբեր տարիներին ներկայացել է 13 անվանակարգերում՝ արժանանալով 25 մրցանակների:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ.
168.am-ը մաղթում է հաճելի կինոդիտում։
Խորագիրը վարում է Նվարդ Մանվելյանը