Գևորգ Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսին

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրախախտումների վերաբերյալ ահազանգերի առընչությամբ դատախազության իրականացրած գործողություններին և համապատասխան աշխատանքային խմբի կողմից իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ պատշաճ դատախազական հսկողությանն առնչվող հարցեր:

Գլխավոր դատախազը շեշտել է, որ հրապարակումների քանակն իրապես մեծածավալ է, բայց դրանցից որևէ մեկը անուշադրության չի մատնվում:
ԱՄՆ դեսպանը նշել է, որ իրենք նույնպես հետևել են ընտրությունների ողջ ընթացքին և իրավապահ համակարգի իրականացրած գործողություններին: «Ես ողջունում եմ Գլխավոր դատախազության մտադրությունը վերջերս տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի հետ կապված խախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումները քննության առնելու և, որտեղ անհրաժեշտ է, համապատասխան իրավական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ»-, նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր, ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից:
Ռիչարդ Միլլսը նշել է, որ ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է գործակցել ՀՀ դատախազության հետ ինստիտուցիոնալ կոռուպցիայի դեմ պայքարի ու հակամրցակցային միջավայրի կարգավորման հարցերում, որպեսզի խաղի հավասար պայմանների ապահովմամբ խրախուսվեն օտարերկրյա ներդրումները:

Տեսանյութեր

Լրահոս