«Աչքս ընկավ նրա զինվորական բաճկոնին ու սև «սապոգներին», և լեզուս կապ ընկավ…»
hayzinvor.am-ը գրում է. «Հինգ ամիս առաջ ավագ որդիս` Սուրենը, զորակոչվեց բանակ: Նրա ծառայության վայրը բավականին հեռու է մեր բնակավայրից: Այս ընթացքում նրան չեմ այցելել: Եվ ահա վերջապես ճանապարհվեցի զորամաս, որ իմ աչքով տեսնեմ, թե ինչպես է որդիս, արդյոք հարմարվե՞լ է, կարողանո՞ւմ է հաղթահարել դժվարությունները, լեզու գտնո՞ւմ է ծառայակիցների հետ, ենթարկվո՞ւմ է հրամանատարներին: Երեկոյան աղջկաս հետ հասանք զորամաս: Մեզ հարազատի պես ընդունեցին, գիշերելու տեղ տրամադրեցին: Զինվորի ծնողի նկատմամբ հրամանատարության բարեկամական ու բարեհամբույր վերաբերմունքն ինձ շատ ոգևորեց: Ուրախացա. ուրեմն այստեղ գիտեն զինվորի արժեքը, հարգում են նրան:
…Ամբողջ գիշեր այդպես էլ չկարողացա քնել, հանդիպման սպասումն ինձ հանգիստ չէր տալիս: Արդեն վաղ առավոտյան հեռվից հետևում էի մարզվող զինվորներին և փորձում գտնել որդուս: Բայց բոլորը միանման զինվորական համազգեստով էին, բոլորը որդուս տարիքին, և հանկարծ ես ինձ բոլորի մայրը զգացի: Սիրտս սկսեց արագ բաբախել: Անբացատրելի պահ էր: Ես հպարտ էի բոլոր մայրերի փոխարեն, հպարտ էի, որ մեր զավակները հայրենիք են պաշտպանում: Հեռվից հեռու ինձ էր փոխանցվում տղաների ուժն ու զորությունը: Ահա հաղթանակած, հզոր բանակը, որի մասին մենք լսում ենք հեռուստացույցով, կարդում ենք թերթերում… Եվ այդ բանակն իմ ու մեր որդիների դիմագիծն ունի:
…Քիչ անց կանգնել էի Սուրենիս հետ ամուր գրկախառնված: Հանկարծ ես նրա գրկում ինձ այնքան ապահով զգացի: Այնպիսի զգացողություն էր, ասես մի քանի տարով մեծացել էր: Այնքան բան ունեի հարցնելու՝ ճաշը համո՞վ է, սպաները շա՞տ խիստ են, դիմանո՞ւմ է, կարողանո՞ւմ է առավոտյան շուտ արթնանալ, ֆիզպատրաստությունից ետ չի՞ մնում, ընկերներ ունի՞, բայց աչքս ընկավ նրա զինվորական բաճկոնին ու սև «սապոգներին», և լեզուս կապ ընկավ… Իմ հարցերն ինձ անիմաստ թվացին… Որդիս զինվոր է. սրանով արդեն իսկ ամեն ինչ ասված է…
…Մենք Սուրենին առաջարկեցինք գնալ մոտակա սրճարան՝ թեյելու, մի բան ուտելու, նա էլ, թե՝ «Այստեղ ամեն ինչ համով է, մա՛մ, չմտածես»: Հետո մեղմ ժպտաց՝ կարծես կռահելով մտքերս: Նա արագ քայլում էր, իսկ մենք հետևում էինք՝ չիմանալով, թե ուր ենք գնում: Հասանք այդ շրջանի համար զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին: «Չէ՛, տղաս շատ է փոխվել»,- մտածեցի:
-Ես այս հուշարձանի մոտ հայրենիքի համար կյանքս չխնայելու երդում եմ տվել, մա՛մ,- ասաց նա:
Լռեցինք… Հետո, թե՝
-Շուտով դիրք եմ բարձրանալու…
-Զենքդ հատու կպահես…
Հ. Գ. Օրերս կայքերից մեկը որոշեց պարզել, թե ով Է «Տարվա կինը»: Ֆեյսբուքում հայտնի հայ օգտատերերը պատասխանեցին այս հարցին՝ տարվա կինը զինծառայողի մայրն է»:
Պատրաստեց Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆԸ