Բաժիններ՝

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը դեկտեմբերի 3- 9-ն ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ:

ՍՊԾ գործակալության փոխանցմամբ՝ երկրաշարժերից 4-ը տեղի են ունեցել Թուրքիայի տարածքում: Դեկտեմբերի 3-ին Բինգյոլ քաղաքից 50 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7-8 բալ (մագնիտուդ 5.3): Ստորգետնյա ցնցումներն զգացվել են երկրի արևելյան գավառներում, մասնավորապես, Մուշում, Դիարբեքիրում, Էրզրումում, Էրզինջանում և Էլյազիգում: Այդ օրը 3 բալ (մագնիտուդ 2.3) ուժգնությամբ ստորգետնյա ցնցում է գրանցվել Վան քաղաքից 30 կմ դեպի հարավ-արևելք:

Դեկտեմբերի 6-ին 3 բալ (մագնիտուդ 2.3) ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Հորասան քաղաքից 39 կմ դեպի արևելք: Նույն օրը Վան քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 4-5 բալ (մագնիտուդ 3.6) ուժգնությամբ երկրաշարժ: Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է 3 բալ (մագնիտուդ 2.5) ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկնետրոնը գտնվում էր Շեքի քաղաքից 58 կմ դեպի հարավ-արևելք:

Տարածաշրջանից դուրս նույն ժամանակահատվածում գրանցել է 6 և ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Դեկտեմբերի 4-ին Հարավարևելյան հնդկական լեռնաշղթայում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Դեկտեմբերի 7-ին Տաջիկստանում (Պամիր)՝ Մուրղոբ քաղաքից 92 կմ դեպի արևմուտք, գրանցվել է սեյսմիկ իրադարձություն, որն ունեցել է 7.2 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ (առաջացած քարաթափումից), հոսպիտալացվել 8-ը, տուժել է մի քանի տասնյակ մարդ, մասամբ քանդվել է շուրջ 500 տուն: Դեկտեմբերի 9-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանդա ծովում՝ Ինդոնեզիայի արևելյան մասում: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս