«Եթե խցում բողոք է լինում, բավական է մի քրեական հեղինակության տեղափոխել այդ խուց, և բողոքները դադարում են»
ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Հասմիկ Սահակյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Հայաստանում ազատազրկված անձանց իրավունքները միշտ խախտվում են, քանի որ նրանք գտնվում են փակ հաստատություններում, իսկ դրանք հասարակության լայն շերտերի համար հասանելի չեն. «Մարդու իրավունքները խախտվում են հենց Ոստիկանության բաժիներ մուտք գործելուց: Հենց Ոստիկանության բաժիններում են կիրառվում խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքն ազատազրկվածների նկատմամբ: Այնուհետև Ոստիկանությունից տեղափոխվում են ձերբակալվածների համար նախատեսված վայրեր»։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ բոլոր այն անձինք, որոնք գտնվում են ազատազրկման վայրերում, ամենախոցելի խմբերից մեկն են. «Քրեակատարողական 12 հիմնարկ ունենք ներկայիս դրությամբ։ Չնայած բացվել է նոր քրեակատարողական հիմնարկ, բայց օրինակ՝ Նուբարաշենինը գերբնակեցված է, քնելու տեղ չկա։ Մի խցում կարող է մոտ 14-16 անձ լինել: Մյուս տեղերում էլ կա գերբնակեցում: ՔԿՀ-ների շենքային պայմանները ևս ոչ բարվոք են:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի դիտորդ Ռոբերտ Ռևազյանն էլ նշեց, որ ավելի շատ դատապարտյալն է դատապարտյալի նկատմամբ ճնշում գործադրում. «Բայց ՔԿՀ-ն պարտավորություն ունի կանխելու նման դեպքերը: Մի քանի ամիս առաջ Արմավիրի ՔԿՀ-ից ահազանգ էինք ստացել, որ այնտեղ դատապարտյալի նկատմամբ քրեական հեղինակությունները որոշակի ճնշումներ էին գործադրել: Հրատապ հաշվետվությամբ խումբը դիմել էր նախարարություն, արդյունքում՝ մի քանի ՔԿՀ աշխատակիցներ ենթարկվել էին կարգապահական պատասխանատվության: Նման ահազանգեր էլի ենք ստանում»:
Ռ. Ռևազյանն ընդգծեց՝ քրեական ենթամշակույթի ուժեղ ազդեցության հետ կապված էլ խնդիրներ կան. «Քրեական նորմերը ՔԿՀ-ներում ավելի ուժեղ են գործում, քան նույնիսկ իրավական ակտերը: Եթե ուզում ենք կանխարգելել մարդու իրավունքների խախտումը ՔԿՀ-ներում, պետք է սկսենք այդ ենթամշակույթի դեմ պայքարելուց: Հենց այդ պատճառով է, որ բողոքներ չեն լինում: Եթե, օրինակ՝ խցում բողոք է լինում, բավական է մի քրեական հեղինակության տեղափոխել այդ խուց, և բողոքները դադարում են: Եթե ներսից բողոքներ չկան՝ պայմանների ու խոշտանգումների մասին, ապա դրսից ներգործելով՝ իրավիճակը փոխելն ավելի դժվար է»: