Մասնավոր ընկերությունները 262 մլն դրամ կուտակային գումարներ չեն փոխանցել ֆոնդերին
Այսօր Ազգային ժողովի նիստում շարունակվում է «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին օրինագծերի քննարկումը: Հարակից զեկուցող ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրեց, որ հարկային մարմինը չունի սոցվճարները գանձելու մեխանիզմ, այն գնում են կուտակային համակարգ, և այս փոփոխությամբ հարկայինը իրավասություն է ստանում գանձելու և տնտեսվարողներին պետք է ծանուցի այդ մասին:
«Կարող է թվալ, որ կոշտ գործիք է, բայց այլընտրանք չկա»,- ասաց Մ.Մելքումյանը:
Ըստ նրա՝ կուտակայինի պարտադիր դրույթը գործում է պետական հատվածում և այստեղ խնդիր չկա, իսկ մասնավոր հատվածում կամավոր դրույթի հետ կապված այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում կուտակվել է 262 մլն դրամ ապառք, որ ընկերություններն աշխատողներից գանձել են կուտակայինի վճարը, բայց չեն փոխանցել կենսաթոշակային հիմնադրամներ:
Պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ սա ինչ-որ չափով գողություն է, որ գանձել են գումարը, բայց չեն փոխանցել հիմնադրամներին:
Մ.Մելքումյանը նշեց, որ ընկերությունները հիմնականում ֆինանսական ոչ լավ վիճակի պատճառով չեն փոխանցել կուտակայինի գումարները: Նա կարևորեց, թե արդյոք աշխատողը գիտի՞ այդ մասին, որ փոխանցում չի կատարվել: Մ.Մելքումյանի խոսքով՝ աշխատողն ինքը կարող է դատական հայց ներկայացնել ընկերության դեմ, եթե իր կուտակայինի գումարները չեն փոխանցվել ֆոնդերին: