Ալիևն ու Սարգսյանն առաջին հերթին պետք է անդրադառնան շփման գծում տանկի գործածմանը

«168 Ժամի» զրուցակիցն է ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում գործող Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան

– Պարոն Բրայզա, Ալիև-Սարգսյան հերթական հանդիպմանն ընդառաջ` լարվեց իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, սակայն շատ ավելի վտանգավոր կերպով. ԼՂ ՊԲ-ն երեկ տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինված ուժերը տանկ են օգտագործել շփման գծի հարավային հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Այս լարվածությանը նախորդեցին թուրք պաշտոնյաների` ՀՀ-ին ուղղված` ԼՂ-ն ու հարակից տարածքները հանձնելու հորդորները։ Այս ամենին զուգահեռ` հայաստանյան, ռուսաստանյան փորձագետները կարծում են, որ Ադրբեջանի օգնությամբ Թուրքիան կփորձի նոր ճակատ բացել Թուրքիայի դեմ ԼՂ հակամարտության տեսքով։ Սա հատկապես հիմնավոր տեսակետ է թվում ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաները վերազինելու մասին տեղեկությունների համատեքստում։ Նոր որակի լարվածության պատճառը, ըստ Ձեզ, ո՞րն է։

– Անկեղծ ասած, Ձեր մատնանշած միջադեպի մանրամասներին տեղյակ չեմ, ուստի զերծ կմնամ այն մեկնաբանելուց։ Նման զարգացումները մեկնաբանելիս պետք է լավ ծանոթ լինել կոնտեքստին, ինչպե՞ս են կրակահերթերը սկսվել, և ո՞ր կողմի նախաձեռնությամբ։ Այն, ինչ կարող եմ ասել, հետևյալն է` դրական է, որ նախագահները պատրաստվում են հանդիպել։ Կարևոր է, որ նրանք այդ հնարավորությունն օգտագործում են, որպեսզի կառուցեն փոխադարձ ընկալման որոշակի մակարդակ, անձնային վստահության մակարդակ, որը կօգնի գործընթացն առաջ մղել։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա համաձայն չեմ տեսակետներին, թե Թուրքիան ցանկանում է ընդլայնել լարվածությունը Հայաստանի հետ կամ ԼՂ հակամարտության գոտում Ռուսաստանի պատճառով։ Իմ կարծիքով, ընդհակառակը` ներկայումս Թուրքիան Հարավային Կովկասում, որքան որ հնարավոր է` հանգստություն է ցանկանում տեսնել, քանի որ հարցն արդեն Թուրքիայի ազգային շահերին է վերաբերում, Թուրքիան իր սահմաններին արդեն իսկ ունի անկայունություն, էներգետիկ խնդիրներ, որոնք Թուրքիայի շահերին են վերաբերում։

Այո, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել իրենց համագործակցությունը, դա արդեն ավանդույթ է դարձել։ Թուրքիայում անցկացված վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջինն այցելեց Բաքու, և, այո, Ադրբեջանն օգնում է Թուրքիային հաղթահարել այն խնդիրները, որոնք Ռուսաստանն է պատճառում Թուրքիային` տնտեսական առումով։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան ցանկանում է օգտագործել Հայաստանին։ Անձամբ ցանկանում եմ կայուն Հարավային Կովկաս տեսնել։

– Այդ դեպքում, ըստ Ձեզ` ինչո՞ւ են թուրք պաշտոնյաները սկսել շահարկել հայկական խաղաքարտը։

– Նրանք ԼՂ հակամարտությանն անդրադառնում են ադրբեջանցի իրենց գործընկերների հետ համապատասխան հանդիպումների ժամանակ` վերահաստատելով իրենց դիրքորոշումը։ Քանի որ վերջին շրջանում հաճախ են հանդիպում, այդ հարցը ևս հաճախ են շոշափում։ Չեմ կարծում, որ Թուրքիան հրահրելու է որևէ գործընթաց։ Դրա շահագրգռվածության պատճառը չեմ տեսնում։

– Այս մթնոլորտում ի՞նչ կարելի է ակնկալել Ալիև-Սարգսյան հանդիպումից։ Իր երևանյան ասուլիսի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նախագահներին հորդորեց գոնե համակարգված բանակցություններ սկսել ու շվեյցարական առաջարկն ընդունել։ Ի՞նչ է խոստանում մեզ այդ հանդիպումը, երբ դրանից առաջ նման սպառազինություն է կիրառվում և նման լարված, դինամիկ զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում` ԼՂ հակամարտության շուրջ։

– Առաջինը, ինչ պետք է ակնկալենք, երկու նախագահները պետք է հստակեցնեն, թե ինչպես, ինչու և ինչ հանգամանքներում է տանկ կիրառվել, այսինքն` պարզաբանեն այն միջադեպը, ինչ Դուք ինձ նկարագրեցիք։ Կարևոր է նաև, որպեսզի վստահեցնեն, որ կանգ են առնելու։ Անկեղծ ասած, ես չեմ կանխատեսում որևէ տեսակի բեկում, դա շատ վաղ է։

Ես կցանկանայի, որ համաձայնություն ձեռք բերվեր համակարգված բանակցություններ սկսելու վերաբերյալ, քանի որ նրանք դեռ պետք է միմյանց նկատմամբ վստահություն կառուցեն, որպեսզի յուրաքանչյուր կողմ վստահ լինի, որ իր առջև կանգնած կողմը ցանկանում է գործընթացում առաջընթաց արձանագրել։ Ամենապարզը, ինչ ակնկալում եմ այդ հանդիպումից, որպեսզի երկու նախագահները, չնայած մյուս կողմի քաղաքական կամքին ու պատրաստակամությանը, պատրաստ լինեն հիմնարար սկզբունքներն ավարտին հասցնելուն։

– Մշտապես պնդում եք, որ պատերազմ չի լինի, քանի որ դա ոչ մի կողմ չի ցանկանում, բայց կողմերը, փաստորեն, ավելի ու ավելի ծանր սպառազինություն են կիրառում, և մեզ պատերազմից միայն մեկ քայլ է բաժանում։ Տանկն արդեն վտանգի այլ մակարդակ է իրենից ենթադրում։ Որքա՞ն կարող է այս փխրուն իրավիճակը շարունակվել։

– Ես ասել եմ, որ պատերազմը ցանկալի չէ, իսկ կրակահերթերը չեն հանգեցնի պատերազմի, և դրանք ամենևին էլ պատերազմի սկիզբ չեն ազդարարում։ Պատերազմը, այո, հնարավոր է, եթե կողմերը տեղակայեն իրենց զինված ուժերն այնպես, որը թույլ չի տա հակառակորդին իրականացնել օպերատիվ գործողություններ։

Այն, ինչ Դուք նշեցիք, նշանակում է, որ այլ տիպի սպառազինություն է օգտագործվում, բայց պատերազմի, լայնամասշտաբ զինված գործողությունների համար անհրաժեշտ է ուժերի լայնածավալ վերաբաշխում, որը հնարավոր չէ աննկատ իրականացնել։ Կարող ենք ֆիքսել, որ զինված ուժերի վերաբաշխում շփման գծում տեղի չի ունենում, ինչը նշանակում է, որ կողմերը պատերազմի չեն պատրաստվում, և խոսքը միջադեպերի մասին է։ Սակայն դրանց պետք է բացատրություն տրվի։ Գուցե օրեր անց այլ կերպ մեկնաբանեմ տեղեկությունները տանկի կիրառման մասին, բայց այս պահին տեղյակ չեմ` ինչ է կատարվում, և տեղյակ չեմ, որ զինված ուժերի վերաբաշխում է ընթանում։

– Այս նախագահական հանդիպումը կազմակերպելու ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները խորհրդակցություններ անցկացրեցին գերմանացի պաշտոնյաների հետ, քանի որ հաջորդ տարի Գերմանիան ստանձնում է ԵԱՀԿ նախագահությունը։ Ի՞նչ կարելի է ակնկալել Գերմանիայի նախագահությունից։
– Վստահ եմ, որ Գերմանիան ակտիվ է լինելու, ինչպես միշտ։ Գերմանիան հզոր երկիր է։ Մինսկի խմբի հետ աշխատանքի իմ փորձը թույլ է տալիս պնդել, որ Գերմանիան հետաքրքրված է Մինսկի խմբի գործընթացով։ Կարծում եմ, որ Գերմանիան փորձելու է այս գործընթացն առաջ մղել` որպես նախագահող երկիր։ Սա կօգնի ԼՂ հակամարտության գործընթացին ևս։

– Ռուս-թուրքական լարվածության ֆոնին` ռուսական մամուլը գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն առաջարկում է ԼՂ հակամարտության կարգավորում, որում ՀՀ-ն պետք է ԼՂ-ն ու հարակից տարածքները հանձնի Ադրբեջանին։ Բացի դրանից, Ադրբեջանի ԱԳ նախարարը, անդրադառնալով Լավրովի Բաքու կատարած այցին, ասել է, որ Բաքուն դիտարկում է ռուս նախարարի առաջարկը։ Թե ինչ առաջարկի մասին է խոսքը` դեռևս հայտնի չէ, և ՌԴ ԱԳ նախարարությունը մեզ տեղեկատվություն այս մասին չի տրամադրում։ Ըստ Ձեզ` Ռուսաստանին ներկայումս ձեռնտո՞ւ է ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահներից առանձին աշխատանքը հակամարտության գոտում։

– Սերգեյ Լավրովը Բաքվում ասել է այն, ինչին համանախագահները երկար ժամանակ աջակցել են, այսինքն` նա, ըստ էության, անդրադարձել էր կարգավորման հիմնական սկզբունքներին, որոնք ամրագրված են Մադրիդյան փաստաթղթում։ Ես չեմ կարծում, որ միայն տարածքներ հանձնելու մասին է խոսքը եղել, խոսքը նաև Ղարաբաղի միջանկյալ իրավական կարգավիճակի հստակեցման մասին է եղել, սրանք այն հիմնական սկզբունքներն են, որոնք կան Մադրիդյան փաստաթղթում։ Իմ կանխատեսմամբ` Լավրովը պարզապես կրկնում է այն հիմնական գաղափարները, որոնք վերջին մի քանի տարիների ընթացքում եղել են Մինսկյան ջանքերի հիմքը։ Այստեղ որևէ նոր բան չեմ տեսնում։ Այնքան սուր արտահայտված տարբերություն, որքան կար Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև Վրաստանի հարցում, չկա ԼՂ հակամարտությունում, մենք մշտապես այստեղ տեսել ենք համաձայնեցված աշխատանք ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։ Ես տեսել եմ նախարարների միջև լավ համաձայնեցվածություն այս հարցում։ Կարծում եմ` նրանք կառուցողական են։

– Այսինքն` մյուս երկու համանախագահներից անջատ գործունեություն Ռուսաստանի պարագայում չեք տեսնում։

– Ես ամեն օր չեմ հետևում իրավիճակին։ Ես փաստեր չունեմ։ Գուցե կա տեղեկատվություն, որից ես անտեղյակ եմ։ Չէ՞ որ ես այժմ գործընթացի մեջ չեմ, համանախագահ չեմ։ Չի բացառվում, որ կա նման գործընթաց, որի մասին ես տեղեկություն ու փաստ չունեմ։ Միայն կասեմ, որ հետևելով այդ այցին` նկատել եմ, որ Լավրովը կարգավորման առանցքային բաղադրիչի մասին է խոսել։ Հետաքրքիր կլիներ հետևել նույնանման այցերի Ֆաբիուսի և Քերրիի կողմից, տեսնել` նրանք ի՞նչ են ասում` ԼՂ հակամարտության մասին խոսելիս։

Տեսանյութեր

Լրահոս