Կրասնոդարում հղի հայ կինը մահացել է, մինչ բուժանձնակազմը պատրաստվել է նշելու գլխավոր բժշկի ծննդյան տարեդարձը
Նախնական տեղեկությունների համաձայն՝ Կրասնոդարի երկրամասի Տուափսեի շրջանային թիվ 2 ծննդատանը մահացած երիտասարդ հղի Յանա Պլակսիայի մահվան պատճառ է դարձել ուժեղ դեղամիջոցի ներարկումը:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, 24-ամյա հղի կնոջը մահից առաջ ներարկել են հանգստացնող ազդեցությամբ դեղամիջոց՝ տրամալ: Նման դեղամիջոցի օգտագործումը թույլատրելի է, սակայն ցանկալի չէ:
Յանայի հարազատները պատմել են, որ հիվանդանոց գնալուց առաջ նա սուր ցավեր է զգացել որովայնի շրջանում: Մահացածի մոր՝ Մանուշակ Մելքոնյանի խոսքով՝ բժիշկներն իր աղջկան անհրաժեշտ բժշկական օգնություն չեն ցուցաբերել:
Յանան հեռախոսով մորը բողոքել է, որ բժիշկներն իրեն ներարկել են ցավազրկող ու գնացել են նշելու հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վաղինակ Սվազյանի ծնունդը:
«Յանայի ցավերն սկսել էին, նա բողոքում էր, թե իրեն վատ է զգում: Ես նրան տրամալ եմ ներարկել, շոյում էի որովայնը, հանգստացնում էի, ինչպես կարող էի: Սակայն նա սկսեց շնչահեղձ լինել ու գոռալ, մենք նրան չհասցրեցինք փրկել: Բժշկական խումբն արել է անհրաժեշտ գործողությունները, սակայն նա վայրկենապես մահացավ: Դեղամիջոցին նրա ռեակցիան կայծակնային էր»,- պատմում է հիվանդանոցի մանկաբարձը:
Մինչ այդ, Վաղինակ Սվազյանը պնդում է, թե այդ դեղամիջոցի կիրառումը նորմալ պրակտիկա է: Դեղամիջոցն ունի հանգստացնող ազդեցություն, հղիները դադարում են բղավել դեղամիջոցի ներարկումից հետո:
Բժշկի խոսքով՝ հիվանդներին ներարկումից առաջ հարցնում են դեղամիջոցի նկատմամբ հնարավոր ռեակցիայի մասին, սակայն Յանան չի իմացել, թե ինչպես կազդի դեղամիջոցը:
Աղջկա երեխայի կյանքը նույնպես չի հաջողվել փրկել: Բժիշկները չգիտեն, թե ով է մահացել ավելի վաղ՝ մա՞յրը, թե՞ դուստրը:
Բոլոր անհրաժեշտ անալիզները ուղարկվել են փորձաքննության, որպեսզի պարզեն մահվան ստույգ պատճառը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Յանային հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 2-ի առավոտյան:
LifeNews-ին հաջողվել է պարզել, որ հիվանդանոցի գլխավոր բժիշկն իսկապես պատրաստվում էր դեկտեմբերի 3-ին տոնել ծննդյան օրը:
https://www.youtube.com/watch?v=2LkdPBXE4-4