«Արջի ծառայություն մատուցողները կպատժվեն». Արփինե Հովհաննիսյան
«Բոլոր ընտրախախտումների հետ կապված հստակ կա որոշում և հստակ կա քայլերի հաջորդականություն, առաջին հերթին՝ կան հարուցված քրեական գործեր, կան վերահաշվարկի դիմումներ ու կարտարվում են վրահաշվարկներ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանդրական բարեփոխումների հանրաքվեի ընտրախախտումների մասին:
Նա հայտնեց, որ քրեական գործերից 2 գործ Քննչական կոմիտեում է, 6 գործ՝ Գլխավոր դատախազությունում. «Հենց լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ հարյուրից ավելի գործերով, որոնց արդյունքներով պարզ կլինի քրեական գործեր հարուցվելո՞ւ են, թե՞ ոչ, քանի որ դրանց ծավալը մեծ է ու դժվար է պարզել՝ կա՞ն քրեական գործի հատկանիշներ այդ գործերում, թե՞ ոչ: Նրանք, որոնք հստակ են եղել, արդեն կան հարուցված քրեական գործերը»: Նա նշեց, որ Արդարադատության նախարարությունն այս պահին որևէ իրավասություն չունի:
«Մեզ համար հանրաքվեի վերաբերյալ վստահության մթնոլորտ ստեղծելու հաջորդ քայլը ձեր ահազանգերին հետամուտ լինելն է, եթե դերանից հետո դուք կտեսնեք, որ ոչ մի բան չի արվել, այն ժամանակ գնահատականներ կտաք: Վստահ եմ, որ նրանք, ովքեր և՛ արջի ծառայություն են մատուցել, և՛ իրենց լիազորություները գերազանցել են, ովքեր խախտումներ են արել, կպատժվեն»,- նշեց նախարարը:
Հարցին, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ տեսաերիզները մոնտաժված են, որտեղի՞ց նրան նման տեղեկատվություն, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց, որ ինքը չի կարող ասել, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը:
«Ես վարչապետի ասածները չեմ մեկնաբանում, եթե նրան նման ինֆորմացիա տրամադրվել է, նշանակում է, որ այն տեղեկատվությանը, որին ինքը տիրապետում է դրանում կան օբյեկտիվ հիմքեր: Ես նրան նման տեղեկություն չեմ տրամադրել, որովհետեւ դա իմ իրավասության շրջանակներում չէ»,- նշեց նախարարը:
Հարցին էլ, թե ի՞նչ է նշանակում մոնտաժված կեղծիք, նախարարը պատասխանեց, որ շատ իրավիճակներում հնարավոր են այնպիսի դեպքեր, որ «գրել են, նյութը հրապարակել են, սակայն տեսանյութը չեն կցել, հնարավոր է՝ նաև տեսանյութը ներկայացնել կտրտած ձևով»: