Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի հետ ԱԷԿ կառուցելու մտքից
Թուրքիայի իշխանությունները կարծում են, որ դեռ վաղ է խոսել «Ակկույու» ատոմակայանի շինարարությունից հրաժարվելու մասին, որի նախագիծն իրագործվում է ռուսական «Ռոսատոմ» ընկերության հետ: Այս մասին Anadolu գործակալության հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
Դրա հետ միասին, պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան կախված չէ ոչ մի գործընկերոջից ու միշտ պատրաստ է որոնել այլընտրանքային տարբերակներ:
«Այնպես, ինչպես առևտրում, մենք կախված չենք ոչ մի գործընկերոջից, մենք պետք է բացահայտ հայտարարենք, որ Թուրքիան ԱԷԿ-ի շինարարության հարցում կախված չէ ոչ մի երկրից ու մեկ երկրի տեխնոլոգիաներից: Մենք գիտենք, որ աշխարհի բազմաթիվ երկրներում կան մի շարք ընկերություններ, որոնք ի վիճակի են բավարարել Թուրքիայի այդ պահանջարկը: Վստահ եմ, որ դեռ շատ վաղ է խոսել «Ակկույու» ԱԷԿ-ի մասին: Չեմ կարծում, որ ռուսները նույնպես հեշտորեն կհրաժարվեն դրանից»,- հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանը կասեցրել է բանակցությունները Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի ու «Ակկույու» ատոմակայանի վերաբերյալ: