«Հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաև ականանետերից, բավական մեծ քանակությամբ կրակոցներ են գրանցվել». Սեյրան Օհանյան

«Այո, սահմանին լարվածության իրավիճակը հասել է գագաթնակետին, սակայն հայկական զինուժի կողմից սահմանային վերահսկողությունն իրականացվում է պատշաճ մակարդակով»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի՝ ԼՂՀ հարավ-արևելյան հատվածում տանկից կրակոցներ արձակելու միջադեպին: Նա նշեց, որ հակառակորդը կրակում է ոչ միայն հրաձգային զենքերից, այլ նաև ականանետերից, բավական մեծ քանակությամբ կրակոցներ են գրանցվել:

Ս. Օհանյանի խոսքով՝ կրակոցները դիպուկ չեն եղել, բայց սա հակառակորդի կողմից իրավիճակի ապակայունացնող քաղաքականության արդյունք է։ ՊՆ նախարարի կարծիքով՝ դա կարող է հետևանք լինել տարբեր քաղաքական իրադարձությունների՝ նախագահների նախապատրաստվող հանդիպում, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակ, և այլն: «Հայկական ստորաբաժանումների հրամանատարների և նրանց ենթակաների անձնուրաց գործողությունների շնորհիվ կանխարգելիչ միջոցառումներ են ձեռնարկվում, իրավիճակը վերահսկվում է:

Այսօր Զինված ուժերի ղեկավարությունը՝ ես, Գլխավոր շտաբի պետը, ԼՂՀ պաշտպանության նախարարը, ամբողջությամբ ընկղմված ենք առաջին գծի իրավիճակի վերահսկման գործի մեջ։ Ուզում եմ, որ մեր ժողովուրդը վստահ լինի՝ մենք զսպման մեխանիզմներ ենք ձևավորում։ Մենք գործ ունենք մի հարևանի հետ, որը պարզ, մարդկային լեզուն չի հասկանում: Նա չի հասկանում, որ բանակցային գործընթացի հաջողությունների մեջ մենք պետք է վստահության մթնոլորտի ձևավորման համապատասխան մեխանիզմ մտածենք»,- նշեց ՊՆ նախարարը:

Նա կարծում է՝ երկխոսության համար պետք է հրադադար, փոխադարձ պայմանավորվածություն, սակայն հակառակորդը դեմ է միջազգային հետաքննության անցկացմանը, մինչդեռ միայն միջազգային հետաքննությունն է, որ կարող է պարզել՝ որ կողմն է մեղավորը։ ՊՆ նախարարի համոզմամբ՝ եկել է ժամանակը, որ միջազգային կառույցները լրջորեն մտածեն միջազգային հետաքննության անցկացման մեխանիզմների ձևավորման մասին։

«Ես այսօր այս թեմայով զրուցել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի՝ Անջեյ Կասպրչիկի հետ։ Հայկական կողմը Եվրոպական խաղերի ժամանակ զսպվածություն է ցուցաբերել, իսկ Հայաստանում արդեն 4-5 օր է՝ հանրաքվեն լարվածության պայմաններում է անցել և անցնում, և դա է պատճառը, որ շատ զինվորականներ չեն կարողացել իջնել դիրքերից և իրենց քաղաքացիական պարտքը կատարել»,- նշեց Սեյրան Օհանյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս