«Նախագահները պետք է անդրադառնան շփման գծում տանկի օգտագործմանը». Բրայզա

«Թուրքիային անհրաժեշտ է հանգիստ Հարավային Կովկաս, որովհետև Թուրքիան իր սահմաններում արդեն անկայունություն ունի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Տալինում գործող Պաշտպանական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տանկի կիրառմանը, թուրքական գործոնին ու Ալիև-Սարգսյան առաջիկա հանդիպմանը: Նա նշեց, որ միջադեպի մանրամասներին տեղյակ չէ, ուստի զերծ կմնա այն մեկնաբանելուց:

«Այն, ինչ կարող եմ ասել, հետևյալն է` դրական է, որ նախագահները պատրաստվում են հանդիպել: Կարևոր է, որ նրանք այդ հնարավորությունն օգտագործում են, որպեսզի կառուցեն փոխադարձ ընկալման որոշակի մակարդակ, անձնային վստահության մակարդակ, որը կօգնի գործընթացն առաջ մղել»,- ասաց Բրայզան` հավելելով, որ նախագահներն առաջին հերթին՝ պետք է հստակեցնեն տանկի օգտագործման միջադեպը:

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ամերիկացի դիվանագետը համաձայն չէ տեսակետներին, թե Թուրքիան ցանկանում է ընդլայնել լարվածությունը Հայաստանի հետ կամ ԼՂ հակամարտության գոտում Ռուսաստանի պատճառով: «Իմ կարծիքով, ընդհակառակը՝ ներկայումս Թուրքիան Հարավային Կովկասում, որքան որ հնարավոր է, հանգստություն է ցանկանում տեսնել, քանի որ հարցն արդեն Թուրքիայի ազգային շահերին է վերաբերում, Թուրքիան իր սահմաններին արդեն իսկ ունի անկայունություն, էներգետիկ խնդիրներ, որոնք Թուրքիայի շահերին են վերաբերում:

Այո, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել իրենց համագործակցությունը, դա արդեն ավանդույթ է դարձել: Թուրքիայում անցկացված վերջին խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն առաջինն այցելեց Բաքու, և, այո, Ադրբեջանն օգնում է Թուրքիային՝ հաղթահարել այն խնդիրները, որոնք Ռուսաստանն է պատճառում Թուրքիային տնտեսական առումով: Ես չեմ տեսնում, որ Թուրքիան ցանկանում է օգտագործել Հայաստանին: Անձամբ ցանկանում եմ կայուն Հարավային Կովկաս տեսնել»,- ասաց Բրայզան:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ«168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս