Մոսկվայի կանգառում տեղի ունեցած պայթյունը՝ հայ գործարարի վրա հարձակման հետևանք
Դեկտեմբերի 7-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում գտնվող կանգառներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևում կարող է լինել ոչ միայն շարքային խուլիգանություն, այլև իսկական հարձակում: Ինչպես հայտնում է LifeNews-ը, նման վարկածի վրա են ներկայում աշխատում քննիչները: Հայազգի գործարար Անդրանիկ Պողոսյանը, ով համարվում է ենթադրյալ զոհ, դեպքի հետևանքով չի տուժել, ինչը չես ասի նրա ավտոմեքենայի մասին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ի երեկոյան Անդրանիկը դուրս է եկել խանութից, նստել է մեքենան, սակայն չի էլ հասցրել շարժվել տեղից, երբ պայթյուն է տեղի ունեցել: Տղամարդը հրաշքով չի տուժել, քանի որ պայթուցիկ փաթեթն ի սկզբանե ընկել է նրա մեքենայի մեջ:
«Տեղի ունեցավ ուժեղ հարված, սակայն պայթյուն չկար: Այն որոտաց միայն մի քանի վայրկյան անց: Երբ պայթեց, ես վախեցա, նստարանը հետ հրեցի ու պառկեցի: Նայեցի՝ ապակիներն արդեն չկային»,- հիշում է տղամարդը:
Իրավապահ մարմիններում չեն բացառում, որ պայթուցիկը նախատեսված է եղել հենց Պողոսյանի համար:
Տղամարդը 2 տարի պայքարում է հարևան տան վարձակալների դեմ: Հարևանը՝ զբոսաշրջային ընկերության սեփականատերը, անօրինական կերպով ավելացրել է հարկերի քանակը, ինչը հարուցել է Պողոսյանի դժգոհությունը:
Նա իսկական հետաքննություն էր նախաձեռնել՝ դիմելով բոլոր հնարավոր ատյաններին:
Անձամբ Անդրանիկը չի հավատում, թե ինքնաշեն սարքը նախատեսված է եղել իր համար:
Իսկ տեղի ունեցածն արդյոք խուլիգանությո՞ւն է եղել, թե՞ սպանության փորձ, կպարզի հետաքննությունը:
Դեպքի հետևանքով Պոկրովկա փողոցի թիվ 19 տան մոտ գտնվող կանգառում տուժել էր 5 մարդ, նրանք ստացել էին բեկորային վնասվածքներ, սակայն, ըստ բժիշկների, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում:
https://www.youtube.com/watch?v=vVrLMS2lPBo