Ընդդիմադիրներին միշտ թվացել է, որ Երևանի կենտրոնում «հույ-բույ» անելուց առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահները կվախենան և հրաժարական կտան. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Եթե սահմանադրական հանրաքվեից հետո էլ ընդդիմության մի մասի մոտ պատրանք կա, որ 23 տարի կիրառվող պայքարի ձեւերով հնարավոր է Հայաստանում իշխանափոխության հասնել, ուրեմն այդ մարդիկ դեռեւս չեն հասունացել: 2015 թվականին ասել նույն բառերը, որոնք 1992 թվականին ասում էր, ասենք, ԱԺՄ-ն, նույնն է, որ ես շարունակեմ թերթ հրատարակել լինոտիպային եղանակով: Իշխանափոխությանն, այո, պետք է հասնել միայն քվեարկության միջոցով, բայց եթե դա միայն բողոքի, ցասումի, ատելության վրա հիմնված քվեարկություն է, ապա այն կբերի նույն արդյունքների, որոնց բերել է 1995 թվականից սկսած:

Փրփուրը բերանին իշխանավորների եւ նրանց մերձավորների անուններն արտասանելը (ի դեպ, 1994-ի ամռանն էր, որ Աշոտ Մանուչարյանն առաջին անգամ ասել է «Գրզո»` շարժելով հավաքվածների ատելությունն այն ժամանակվա ՆԳ նախարարի բարեկամի նկատմամբ)` դա, անշուշտ, բարձրացնում է հասարակական ջերմաստիճանը, բայց չի նպաստում հասարակության կազմակերպմանը:

Ընդդիմադիրներին միշտ թվացել է, որ Ազատության հրապարակում եւ Երեւանի կենտրոնում «հույ-բույ» անելուց առաջին, երկրորդ կամ երրորդ նախագահները կվախենան եւ հրաժարական կտան: Նրանք վստահ էին եւ ոմանք, երեւի, մինչեւ հիմա վստահ են, որ հերթական կեղծված ընտրություններից (հանրաքվեից) հետո «կրիտիկական զանգված» ապահովելով՝ պետական որեւէ ատյան կվերանայի այդ ընտրությունների արդյունքները: Ամեն մի ընտրությունից առաջ հայտարարելով՝ «այս անգամ իշխանություններին չի հաջողվի բռնաբարել ժողովրդի կամքը», հետո համոզվում են, որ շատ լավ էլ «հաջողվում է»: Ընդ որում, նրանք, ովքեր մի երկու անգամ արդեն «բռնաբարել են», բողոքում են իրենց հետնորդ «բռնաբարողներից»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս