Կա՞ն արդյոք աղոթքներ հոգեկան խանգարումների բժշկության համար
– Ինչպե՞ս են մեկնաբանվում հոգեկան խանգարումները Աստվածաշնչում և Սրբերի մեկնություններում: Ինչի՞ հետևանք են և ինչպե՞ս կարող են բժշկվել: Կա՞ն արդյոք աղոթքներ հոգեկան խանգարումների բժշկության համար:
– Հոգեկան հիվանդություններ հասկացությունը ժամանակակից հասկացություն է։ Ատվածաշնչում կան որոշ դրվագներ Տիրոջ կողմից հիվանդների բժշկության մասին, որտեղ հիվանդության նկարագրությունը նման է հոգեկան հիվանդության ։ Սակայն Աստծու խոսքի նկատմամբ ամենայն հարգանքով պետք է ընդունենք այդ հիվանդների մասին տրված աստվածաշնչյան բնորոշումները առանց մեկնաբանության։ Նույնն էլ կասենք Սուրբ հայրերի վարքաբանական և խրատական գրականության մասին, որ նրանց բնորոշումները մեզ համար ընդունելի են։ Հարկ եմ համարում նշել, որ դիվահարությունը ոչ գիտական, սակայն իրական հիմքեր ունեցող վիճակ կամ հիվանդություն է, և չի կարելի այն շփոթել հոգեկան հիվանդության հետ։ Հոգեբուժությունը հոգեկան հիվանդությունների պատճառագիտության հարցում դեռևս վերջնական արդյունքի չի հասել։ Այս կամ այն հիվանդության ծագման մասին կան հիմնավոր եզրակացություններ, սակայն դրանք էլ վերջնական չեն։
Ոստի այսօր հոգեկան հիվանդության պատճառագիտությունը դեռ պարզ չէ։ Սակայն բուժման հարցում ծանրակշիռ ձեռքբերումներ կան։ Անհրաժեշտ է պարզապես դիմել հոգեբույժին՝ հոգեկան հիվանդությունից առողջանալու համար։ Եկեղեցում կա բժշկության կարգ, որը հոգևորականն է կատարում։ Հիվանդը կամ հիվանդի հարազատները բժիշկին դիմելուց առաջ կամ ընթացքում կարող են դիմել հոգևորականին, որ նա իրենց համար աղոթի։
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am