Եթե մեր նախապապերը եղբայրներ էին, մենք էլ չորրորդ սերնդի զարմիկներ` կարո՞ղ ենք մենք ամուսնանալ
– Հարցս վերաբերում է ամուսնությանը: Եթե մեր նախապապերը եղբայրներ էին, ու մենք էլ չորրորդ սերնդի զարմիկներ, կարո՞ղ ենք մենք ամուսնանալ: Նշեմ նաև, որ մենք տարբեր ազգանուններ ենք կրում:
– Ըստ Ս. Ներսես Շնորհալու կանոնի. «Արյան մերձավորություն ունեցող ազգականների պսակը ևս թող ոչ ոք չօրհնի, եթե երկու կողմերը չորրորդ սերնդի ամբողջությունը կատարելապես չունեն… Քանի որ մարմնի բնությունը կազմված է չորս տարրերից, մարմնական ազգակցությունն էլ մինչև չորս թիվն է հասնում հետևյալ կերպ. մեկ հորից երկու եղբայր` բաժանվելով, հոր գոյացությունները հավասարապես իրենց մեջ ունեն, իսկ նրանց ծնունդները եղբայրության արյան կեսն ունեն. երրորդ ծնունդը, որ եղբայրների որդիներից է, մեկ երրորդը միայն ունի, իսկ սրանցից չորրորդ ծնունդը` մնացած արյան չորրորդ մասը: Ահա այս է արյան մերձավորության սահմանակետը» («Թուղթ Ընդհանրական» գրքից, «Քահանաների դասին» գլխից` էջ 95-96):
Դուք չորրորդ սերունդն եք. ձեր նախապապերի ծնող (ելակետ)-ձեր նախապապեր (1-ին սերունդ)-ձեր պապեր (2-րդ սերունդ)-ձեր հայրեր (3-րդ սերունդ)-դուք` որդիներ (4-րդ սերունդ):
Հետևաբար, Ս. Ներսես Շնորհալու խոսքին համաձայն, կարող եք ամուսնանալ: Եթե հաշվենք արյան մերձավորության աստիճանները, ապա ստացվում է 7 պորտ. փեսայից դեպի վեր` 4 պորտ (փեսայի ծնողը-փեսայի պապը-փեսայի նախապապը-փեսայի նախապապի եղբայրը` հարսի նախապապը), և ապա դեպի ցած` մինչև հարսը` 3 պորտ (հարսի պապը-հարսի ծնողը-հարսը):
Օրհնությամբ` Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am