Բաժիններ՝

«Ահա իսկական հայ մարդու վերջնական կենսագրությունը». Ռուբեն Գևորգյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի հայտարարությունը ԱԺ-ում.

«Քանի որ հայտարարությանս մեջ շոշափվում է երկրաշարժի երևույթի մասին, իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ողջ հայ ժողովրդին երկրաշարժի զոհերի 27-րդ տարելիցի կապակցությամբ:

Շարունակ Ցեղասպանության վշտերի բեռան տակ կքածող հողը ասես իրեն հանգստացրեց՝ սպանելով իր գրկում շունչ առած փոքրիկ հայ մանչին, մորը և տասնյակ հազարավոր անմեղների:

Խելագարվում էիր, երբ վշտատիրոջը ուրախանալիս էիր տեսնում: Այո: Բարձրաձայն էին կանչում ու վիշտը խեղդող ցավի տքոցից ուրախանում էին երկրաշարժի հաջորդ օրերին փլատակների տակից իրենց հարազատների դին գտած վշտատերերը, ինչպես ուրախանում էր սումգայիթյան զավակ կորցրած մայրը, որ իր աղջիկն առանց բռնաբարվելու հոգին ավանդեց:

Ինչ ազգ ենք, ինչ ժողովուրդ, անգամ մահվան մեջ էլ ինչ-որ մի հաղթանակած երևույթ ենք փնտրում:

Երկրաշարժի արհավիրքից ողջ աշխարհը ցնցվեց: Շատ երկրներ օգնության ձեռք մեկնեցին մեր ժողովրդին, իսկ չարակամ թշնամին խնդաց: Ուրախացավ՝ մտածելով, որ ամեն ինչ ավարտված է: Ավարտված է հենց Ղարաբաղի հարցը:

Այնինչ սխալվեց թշնամին:

Երկրաշարժը չկոտրեց ոչ մի հայի ոգի: Երկրաշարժի պատճառած ծանր վիշտը սրտներում հայ ժողովուրդը նետվեց Արցախյան ազատագրական պայքարի, հանուն ազգային մեծ պատվի՝ քանզի պատիվն ու մահը նույն արգանդից են ծնունդ առել:

Ահա մենք, մեր տեսակը և այն բոլոր վշտակոց տարիները սկսած ցեղասպանությունից մինչև երկրաշարժ և վերջապես Արցախյան պատերազմում մեր թափված արյամբ վաստակած հաղթանակները, որոնք պետք է իշխեն մեր բանականությանը:

Այսօր մեզ համար ամենակարևոր խնդիրը Արցախի անկախության և հայրենիքի սահմանների պաշտպանության խնդիրն է, քանի որ առաջնայինը պետք է ունենալ հող հայրենի, այն էլ պաշտպանված, ինչի վրա, որ հնարավոր կլինի վստահ ու անվտանգ կառուցել բարեկեցիկ կյանք։

Ուստի բոլորս պիտի գիտակցենք, որ հայրենի հողի համար մղվող պայքարն ու ժողովրդի հավաքական լինելու փաստն է, որ պիտի հանդիսանա մեր երկրի և ժողովրդի համար բարեկեցիկ կյանքի դրսևորում։

Մենք ուրիշ կյանք չենք ունեցել երբ վտանգվել է մեր հողը և առավել ոչ մի հարց չպետք է ունենանք երկրի ներսում, երբ երկիրը ներ է քաշված պատերազմի մեջ:

Գիտակցել է պետք, որ հայրենի հողը արյուն է և միշտ էլ մահվան երեսին խնդացող մեր հայ ժողովուրդը իր միասնականությամբ միայն կարող է հանդիսանալ նմանատիպ արյան արժեքը պահպանող մեծագույն արժեք:

Այսօր հարկավոր է ներքաղաքական բոլոր խմորումներից ձերբազատվել և գիտակցել, որ սոցիալական ամենալուրջ խնդիրներից առավել կա հողի խնդիր և ինչպես 90-ականներին, այնպես էլ հիմա ոչ միայն թշնամուն, այլ ողջ աշխարհին պիտի հասկացնենք, որ երկրի ամենադժվարին ժամանակներում էլ մենք պատրաստ ենք ապավինելու մեր սեփական ուժերին` չհաշտվելով Արցախյան հիմնահարցի կարգավորման այն տարբերակին, որը մեզ համար կբերի սեփական հողի կորստի։

Ահա իսկական հայ մարդու վերջնական կենսագրությունը և նրա կյանքի ամենաբուռն ու որոշիչ հանդիսացող մահվան ձևն ու նպատակը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս