«Տեղական նշանակության չարությունները թողեք, մաքուր օդն առողջության համար ավելի օգտակար է». Մարգարիտ Եսայան
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությունը ԱԺ-ում
«Ինչպես տեսաք, կյանքը շարունակվում է նաեւ սահմանադրական հանրաքվեից հետո եւ բոլոր նրանք, ում թվում էր, թե սահմանադրական հանրաքվեն կենաց-մահու պայքար է, ե, կամ՝ մեծ ջրհեղեղի սկիզբը, սխալվեցին ինչպես միշտ եւ այսօր փորձում են շարունակել իրենց սխալվելու գործընթացը: Բայց խոսքս նրանց չէ, որ ուզում եմ ուղղել, խոսք ուղղում եմ մեր երկրի քաղաքացիներին, նրանց, որ ասել են «Այո եւ նրանց, որ ասել են «Ոչ», շնորհակալ եմ, որ կատարեցիք ձեր քաղաքացիական պարտքը, գնացիք եւ դիրքորոշում արտահայտեցիք, սա է միակ ճիշտ ճանապարհը, պասիվ վիճակը վտանգավոր է , ճիշտ այնպես ինչպես լճացումը եւ տեղում կանգնած մնալը, փոփոխությունները եւ առաջ գնալու մղումն ու քայլերը շատ ավելի արդյունավետ են եւ խելամիտ;
Անցած քսան օրերի ընթացքում պատիվ եմ ունեցել այցելել ՀՀ հինգ մարզեր, մեր երկրի հյուսիսում, եղել ենք 83 բնակավայերում, անցել ենք 2500 կիլոմետր ճանապարհ, եթերային հարյուր ժամ խոսել ենք, հանդիպել անթիվ մարդկանց, զրուցել, սեղմել եմ բոլորի ձեռքերը, լսել եմ նրանց ասելիքը, բողոքը, դժգոհությունը, զգացել ու տեսել եմ նաեւ համակրանքը եւ սերը..
Խոսքս հենց նրանց է ուղղված իմ հայրենակիցներին գյուղերում եւ քաղաքներում՝ վստահ եղեք, որ ձեր ընտրությունը ճիշտ է, քանի որ դա ձեր ընտրությունն է, գիտեմ, որ ուզում եք փոխել ձեր կյանքի որակը, ես նույնպես ուզում եմ, որ դուք ավելի ապահով եւ լավ ապրեք, որ ձեր սոցիալ-տնտեսական խնդիրները արագ լուծում ստանան, որ դուք ավելի ապահով զգաք ձեզ եւ ավելի պաշտպանված: Շատերին եմ վստահեցրել, որ այդպես կլինի, խոսք եմ տվել եւ իմ մասով մեծ, շատ մեծ բեռ եմ վերցրել, որը պատրաստ եմ տանել, քանի որ վստահ եմ, նաեւ կառավարությունը, երկրի նախագահը, մեր պետությունն է ձգտում ձեր կյանքի որակի բարձրացմանը: Ուզում եմ դիմել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատացին ինձ, խոստացան հատուկ ինձ հավատալով, գնալ եւ «Այո» ասել փոփոխություններին, ուզում եմ դիմել առաջին հերթին Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի իննսունամյա Շալիկո պապին եւ 80-ամյա Մանուկ պապիկին, ովքեր նույնպես խոստացան հատուկ ինձ համար գնալ եւ «ԱՅՈ» ասել, առողջ եղեք եւ հավատացեք որ ամեն ինչ լավ է լինելու:
Իսկ նրանք, ովքեր փորձելու են չարություն ու թշնամության սերմերը նորից ու նորից տարածել, վստահեցնում եմ, չկա պարաչտ հող չարի եւ թշնամության համար, աշխարհը այսօր շատ է փոխվել, վտանգները շատ են, կրակը սեղմում է օղակը, տեղական նշանակության չարությունները թողեք, մաքուր օդն առողջության համար ավելի օգտակար է:
Վերջում՝ վերջերս ոմանց քաղաքական բառապաշարում զարմանալի շատացել է խրտվիլական հոգեբանությունը, թաղումների եւ մեռելների մասին խոսողները՝ իրենք էլ չհասկանալով, այս օրերին գրում են սեփական մահախոսականը: Կարծում եմ, վաղուց ժամանակն է, որ հանգուցյալները թաղեն սեփական մեռելներին»: