Էրդողանի որդին պնդում է, թե ԴԱԻՇ-ի հետ նավթի առևտուր չի անում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին՝ Բիլալ Էրդողանը,մ պնդում է, որ առնչություն չունի ԴԱԻՇ-ի հետ նավթի անօրինական առևտրի հետ: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:
«Ես չեմ զբաղվում ծովային փոխադրումներով: Բացի այդ՝ ԴԱԻՇ-ն իմ երկրի թշնամին է, այն արատավորում է իմ կրոնը»,- հայտարարել է Բիլալ Էրդողանը:
Նա բացատրել է, որ իր ընկերությունը զբաղվում է շինարարությամբ: «Մենք կառուցում ենք Ստամբուլում գրասենյակային տարածքներ: Մենք ունենք նավի շինարարության պատվեր Ռուսաստանի կողմից, մենք նաև ամբարտակներ ենք կառուցում գետերի համար»,- ասել է գործարարը:
Բիլալը ներկայում կնոջ ու երկու երեխաների հետ բնակվում է Բոլոնիայում, որտեղ դիսերտացիա է պաշտպանում Johns Hopkins University-ում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե Թուրքիայի նախագահի որդին ԴԱԻՇ-ի հետ «որոշակի հետաքրքրություններ ունի» նավթային բիզնեսում: