ԵԽ ԽՎ-ի պատվիրակությունը մի շարք խախտումներ է արձանագրել Հայաստանի հանրաքվեի անցկացման ժամանակ

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽ ԽՎ) պատվիրակությունը, որը մոնիտորինգ էր անցկացնում Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ, հրապարակել է զեկույց կայացած հանրաքվեի մասին՝ նշելով դրա կազմակերպման ժամանակ թույլ տրված մի շարք բացթողումներ:

«Հանրաքվեն հանգեցրել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման»,- ասվում է երկուշաբթի օրը ԵԽ ԽՎ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ բարեփոխումների օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 63%-ը՝ ապահովելով անհրաժեշտ քվորում սահմանադրական փոփոխությունների ընդունման համար:

«Մասնակցության համեմատաբար ցածր մակարդակը՝ բնակչության շուրջ 50%-ը, արտացոլում է այն փաստը, որ հանրաքվեն պայմանավորված է քաղաքական շահերով, այլ ոչ թե՝ երկրի բնակչության հասարակական կարիքներով, այն բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է՝ որպես վստահության քվե կառավարությանը, այլ ոչ՝ փոփոխության առաջարկների համար քվեարկություն»,- ասվում է փաստաթղթում:

Նշվում է, որ «2,5 տարի տևող գործընթացը չի եղել ամբողջական, խորհրդարանն ունեցել է ընդամենը մի քանի շաբաթ՝ ծանոթանալու փաստաթղթին, իսկ հրապարակային բանավեճերը սահմանափակվել են երկու շաբաթ ժամկետով՝ բարդացնելով համաձայնության գալու գործընթացը»:

Բացի այդ, ըստ ԵԽ ԽՎ դիտորդների, անցումը պետական կառավարման խորհրդարանական մոդելին, որը նախատեսում էին սահմանադրական բարեփոխումները, բազմաթիվ քաղաքացիների կողմից դիտարկվել է՝ որպես գործող իշխանության վերարտադրության միջոց:

ԵԽ ԽՎ դիտորդները մատնանշել են նաև սահմանադրական բարեփոխումների քվեարկության օրը տեղի ունեցած մի շարք խախտումներ, որոնց, համաձայն հայտարարության, հարկ է, որ Հայաստանի իշխանություններն ուշադրություն դարձնեն:
Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացին, պատվիրակությունն ափսոսանք է հայտնել, որ իշխանությունները բավականաչափ անհանգստացած չեն եղել նոր Սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ, որոնցից շատերը մատնանշվել էին Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի անդամների նախորդ զեկույցներում:

Զեկույցում մատնանշվել է ընտրական ցուցակների անճշտությունը, որոնք պարունակել են երկրի սահմաններից դուրս ապրող մարդկանց անուններ, ցուցակներում եղել են անգամ մահացածների անուններ, ինչը ենթադրում է, որ այդ անունների տակ իրականացվել է քվեարկություն:

Նշվել են խոշոր չափերի հասնող կազմակերպված ընտրակաշառքների, կարուսելի, ընտրողների վրա ճնշումներ գործադրելու դեպքերը:

Տեղեկատվական դաշտում անհավասար պայմանների պատճառով կուսակցությունները չեն կարողացել իրականացնել իրենց պարտականությունները՝ տեղեկացնելու ու մոտիվացնելու քաղաքացիներին, նշվում է, որ գործադիր մարմինների կողմից եղել են ադմինիստրատիվ ռեսուրսների չարաշահումների փաստեր, ընտրական տեղամասերի անդամների վրա ճնշումներ գործադրելու ու կաշառելու փաստեր:

Մատնանշվել են քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ թույլ տրված սխալները ընտրական տեղամասերում:

ԵԽ ԽՎ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ լուծել այդ խնդիրները, որպեսզի ապահովվի վստահությունը քվեարկության գործընթացի ու քաղաքականության նկատմամբ՝ ընդհանուր առմամբ, ինչը կարևոր է Հայաստանի ժողովրդավարական ապագան ապահովելու համար։

ԵԽ ԽՎ պատվիրակությունը Հայաստանում է գտնվել դեկտեմբերի 4-7-ը: Առաքելությունը հանրաքվեին ղեկավարել է Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս Գրոսը: Պատվիրակության անդամների թվում են եղել Դորիս Ֆիալան (Շվեյցարիա) ու Ալան Միլը (Մեծ Բրիտանիա):

Տեսանյութեր

Լրահոս