ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 4-ին այցելել են Արցախի Հանրապետությունում ազատազրկված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով դիվերսանտները և նրանց ընտանիքի անդամները փոխանակվել են տեղեկատվությամբ:
Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 7-րդ, իսկ նույն երկրի քաղաքացի Շահբազ Գուլիեւին ՝ 5-րդ հոդվածների հատկանիշներով։ Նրանք մեղադրվում են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին մեղադրանք էր առաջադրվել նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի համար:
ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին Դիլհամ Ասկերովին դատապարտել է ցմահ, իսկ Գուլիևին 22 տարվա ազատազրկման: