«Լո՞ւրջ եք համարում Զուրաբյանի խոսքերը». Հովիկ Աբրահամյան

«Քվեարկության արդունքները բոլորիս համար ընդունելի են, եթե կան դժգոհություններ, բողոքներ, թող դիմեն պատկան մարմիններին»,- քիչ առաջ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի մասին՝ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա հայտարարեց, որ որպես «Այո»-ի նախընտրական շտաբի ղեկավար՝ ինքն ամեն ինչ արել է, որ հանրաքվեն անցնի թափանցիկ և արդար. «Եթե ընթացքում եղել են խնդիրներ, ապա թող դիմեն պատկան մարմիններին»:

Նա նաև նշեց, որ այժմ քննարկում են ԵԽ ԽՎ դիտորդների սուր գնահատականները. «Այդպես չէ, ԱԺ պատասխանատուներն աշխատում են նրանց հետ, արդյունքների մասին առաջիկայում տեղյակ կպահեն»:

Հարցին՝ որպես շտաբի պետ՝ Ձեր աշխատանքից գո՞հ են ՀՀ նախագահը և շտաբի մյուս անդամները, վարչապետն այսպես արձագանքեց. «Կարևորը՝ ես գոհ եմ»:

Նա ասաց, որ երբ պարզվեն խախտումներ և ընտրակեղծիքներ անողները, կպատժվեն. «Անգամ հանրաքվեից առաջ ասվել, է որ ոչ ոք արջի ծառայություն թող չմատուցի»:

Վարչապետի կարծիքով՝ ընտրակեղծիքների դեպքերի մեծ մասը, որոնք արձանագրվել են, մոնտաժված տեսանյութեր են. «Ես սոցցանցում եմ տեսել, ու դա տարածել են շահագրգիռ մարդիկ, որոնք ուզում են ստվերել ընտրությունների արդյունքները, ու դա որևէ հիմք չէ, բազմաթիվ տեխնիկայի պայմաններում տարբեր տեսանյութեր կարող էին ստեղծել: Կարծում եմ, որ դրանք մոնտաժված են, եթե՝ ոչ, ապա այդ մարդիկ կպատժվեն»:

Դիտարկմանն էլ, թե՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ կես միլիոն ձայն է կեղծվել, Հ. Աբրահամյանն այսպես արձագանքեց. «Լո՞ւրջ եք համարում Զուրաբյանի խոսքերը»:

Տեսանյութեր

Լրահոս