Բաժիններ՝

Կառավարությունը ողջ ջանքերն ուղղելու է ստվերային տնտեսության դեմ պայքարին. Պավել Սաֆարյան

Ազգային ժողովն այսօրվա նիստում շարունակում է 2016 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովներից ստացել են 16 առաջարկներ, կուսակցությունների և պատգմավորական խմբերի կողմից՝ 198, անհատ պատգամավորներից՝ 110 առաջարկներ, որից միայն 50-ը՝ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից:

Պ. Սաֆարյանը համաձայնեց ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հնչած տեսակետի հետ, որ եկամուտներն ու ծախսերը շատ համեստ են և թույլ չեն տալիս լուծել մի շարք հիմնախնդիրներ: Սակայն, նշեց նա, դրանք արտացոլում են մեր երկրի առջև ծառացած տնտեսական, այդ թվում՝ արտաքին անբարենպաստ գործոններով պայմանավորված խնդիրները: Փոխնախարարի խոսքով՝ հաջորդ տարվա բյուջեն պահպանողական և համեստ նախագիծ է, կառավարությունը քայլեր է ձեռնարկելու՝ խթանելու գործարարությունը: Ըստ նրա՝ կառավարությունը ողջ ջանքերն ուղղելու է ստվերային տնտեսության դեմ պայքարին և եկամուտների ապահովումը լուրջ մարտահրավեր է:

Պ. Սաֆարյանը նշեց, որ եկամուտների և ծախսերի ծավալը նույնն է մնացել, արտաքին պարտքը հաջորդ տարի աճելու է և կազմելու է 5 մլրդ 66 մլն դոլարի չափով, որը 400 մլն-ով գերազանցում է այս տարվա վերջին սպասվող պետական պարտքի մակարդակը:

«Նախագիծը իրատեսական է, պետության գործառույթների իրականացման տեսանկյունից հավասարակշռված, կազմված է գլոբալ տնտեսական և տարածաշրջանային իրողություններին համահունչ, այդ իմաստով նաև որոշ չափով հավակնոտ: 2016 թ. բյուջեի կատարումը, չնայած դրա այսպես կոչված համեստ ցուցանիշներին, զգալի ջանքեր կպահանջի կառավարությունից»,- ասաց Պ.Սաֆարյանը՝ հավելելով, որ այն կարող է նախադրյալներ ստեղծել երկարաժամկետ հեռանկարում բարօրության ուղիով ընթանալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս