«Բողոքարկումը որևէ բան չի տալու». Թևան Պողոսյան
«2012թ. նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժեր իրենց նախընտրական ծրագրերում նշել էին սահմանադրական բարեփոխումների, խորհրդարանական համակարգին անցնելու, 100%-ով համամասնական ընտրակարգ ունենալու, ընդդիմության լիազորությունները ընդլայնելու մասին, և այդ իմաստով, եթե փորձենք ասել՝ ինչ ունենք այսօր, պետք է երևի նշենք, որ արդյունքի հասել ենք, դա պետք է ինչ-որ չափով գոհացուցիչ լինի: Բայց ցավով պետք է նշեմ, որ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեն որևէ բանով չէր տարբերվում նախկին բոլոր հանրաքվեներից կամ ընտրական գործընթացներից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ դա մեծագույն խնդիր է, իսկ պատճառն այսօր գոյություն ունեցող համակարգն է, որը, պատգամավորի կարծիքով՝ որևէ հնարավորություն չի տալիս փոփոխություններ ունենալու համար. «Հուսով եմ, որ ապագա պառլամենտական համակարգին անցումը թույլ կտա նաև ընտրական համակարգի փոփոխություն, և ամբողջ օրենսդրական փաթեթը հիմնված կլինի նախկին սխալների վրա, ու միգուցե ապագայում կունենանք նաև դրական զարգացումներ: Բայց այսօրվա դրությամբ՝ ունենք այն, ինչ ունենք»:
Թ. Պողոսյանն ընդգծեց՝ այս ամենի հետ մեկտեղ՝ կան նաև մի քանի դրական երևույթներ.
«Առաջին՝ շնորհակալությունս պետք է հայտնեմ Հայաստանի մամուլին ու բոլոր լրագրողներին, որոնք լավագույնս լուսաբանեցին բոլոր դեպքերը, կարողացան հնարավորինս արձանագրել բոլոր եղած խախտումները, իրենց անձնական փորձով կարողացան պայքարել, շատ ժամանակ ճնշումների ու բռնությունների ենթարկվել, բայց դրա հետ միասին՝ չզիջել, չնահանջել: Հուսով եմ, որ իրավապահ մարմիններն այդ բոլոր դեպքերին ոչ թե նախկինի պես կարձագանքեն, այլ իսկապես կունենանք արդար, ազնիվ քննություն, և բոլոր մեղավորները կպատժվեն:
Հաջորդ դրական կողմն այն է, որ ձևավորվում է վստահելի ու գիտակից վստահված անձերի, դիտորդների բանակը, քաղաքական կուսակցությունների այն ներկայացուցիչների, ովքեր որ հանձնաժողովներում աշխատում էին ու կարողանում մաքսիմալն անել՝ պահելու ճիշտ ձայները: Շատ ուրախ կլինեի, որ մի երկիր ունենայինք, որտեղ իշխանություններն իրենց պարտականությունները կատարեին, բայց, ցավոք սրտի, այդպիսինը չենք»:
Պատգամավորի կարծիքով՝ այսօրվա համակարգում որևէ բան չի տալու, անպտուղ աշխատանք է լինելու՝ արդյունքների իմաստով բողոքարկելը. «Բայց արձանագրված բոլոր դեպքերը պետք է քննվեն ու մեղավորները պատժվեն»: