Կենտրոն համայնքի 9/12 ընտրատեղամասում հանրաքվեն ընթանում է խիստ լարված մթնոլորտում
168.am-ը ահազանգ էր ստացել այն մասին, որ Կենտրոն համայնքի 9/12 ընտրատեղամասում Սահմանադրության քվեարկությունն ընթանում է ակնհայտ խախտումներով: Ահազանգի հետքերով մենք եղանք վերոնշյալ ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սոֆիա Յորդեկյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրերի իսկությունը.
«Առավոտվանից ընտրությունները տեղամասում ընթանում են բազմաթիվ ակնհայտ խախտումներով, որոնք մեր կողմից արդեն գրանցվել են խախտումների մատյանում: Առավոտյան մի աղջիկ եկավ, որը ներկայացավ՝ որպես Ստեփանյան Սեդա Սուրենի, 17 տարեկան՝ «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ, սակայն կարճ ժամանակ անց մենք բացահայտեցինք, որ նա համագործակցում է Հանրապետական կուսակցության վստահված անձանց հետ և «Ժառանգության» անդամ չի: Խնդիրը պարզվելուց հետո իրեն դուրս հրավիրեցինք, ու մեզ միացավ «Ժառանգության» իրական վստահված անձը: Հաջորդ խախտումը, որի մասին ուզում եմ բարձրաձայնեմ՝ մի տարեց մարդ էր, որ եկավ քվեարկության, և պարզվեց, որ իր փոխարեն արդեն քվեարկել էին: Հաջորդ խախտումը դա մահացած մարդու անվան բացահայտումն էր ընտրացուցակներում, որի մասին բարձրաձայնեց հենց իր հարևանը, որը եկել էր ընտրության»:
Ընտրատեղամասում ներկա «Ժառանգություն» կուսակցության վստահված անձ Իրինա Հարությունյանը մեզ հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց լրացուցիչ ցուցակներում գրանցված ընտրողների տարօրինակ վարքագծի մասին.
«Հիմնականում գալիս են խմբերով տղաներ, մի տեսակ կասկածելի, կարող եմ նույնիսկ ասել՝ հանցագործի դեմքերով, անընդհատ բարձրանում են ընտրատեղամաս, իջնում են, խմբվում են ընտրատեղամասի առաջ: Միայն իմ միջամտությունից հետո, երբ ես իջա ոստիկաններին զգուշացրեցի, այդ ժամանակ նրանց տարածքից ցրեցին: Բացի այդ, ուզում եմ տեղեկացնել, որ ընդհարում է եղել իմ և Հանրապետական կուսակցության վստահված անձի միջև: Իր կողմից իմ նկատմամբ ցուցաբերվեց ագրեսիվ վերաբերմունք, վիրավորական խոսքեր՝ այն դեպքում, երբ ես մի քանի անգամ նկատեցի, որ ինքը հեռախոսը ձեռքին մոտենում է ընտրացուցակներին և կասկածելի գործողություններ է կատարում: Ես նրան զգուշացրեցի, որ ինքը նկարահանում է, և, որ դադարեցնի այդ գործողությունները, որից հետո նա շպրտեց ձեռքի հեռախոսն ու անցավ վիրավորանքների»:
Տեղամասում ներկա ՀՀԿ-ական վստահված անձ Արման Գալստյանը մեզ հետ զրույցի ընթացքում հակադարձելով հնչած մեղադրանքներին՝ հայտարարեց. «Ժառանգության վստահված անձն առանց ամաչելու զրպարտում է ինձ՝ մեղադրելով, թե ես հեռախոսի միջոցով նկարահանում եմ ընտրական գործընթացը, և անգամ՝ ընտրացուցակը: Ես խնդրեցի հանձնաժողովի նախագահին, որ գա և արձանագրի, որ իմ հեռախոսն ընդհանրապես նկարահանելու հնարավորություն չունի, և, որ դա զրպարտություն է»:
Տեղեկացնենք, որ մեր այցելության ավարտին Կենտրոն համայնքի 9/12 ընտրատեղամասում արդեն թեժ վիճաբանություն էր ծագել, այս անգամ՝ «Ժառանգություն» կուսակցության վստահված անձի և հանձնաժողովում ներկա Հանրապետական կուսակցության անդամի միջև, որի ընթացքում կողմերը միմյանց մեղադրում էին զրպարտության, ընտրակեղծիքներ իրականացնելու, ինչպես նաև՝ փոխադարձ անազնվության մեջ: