
Քննություն է կատարվում՝ լրագրողի տեսախցիկը կոտրելու և վկայականը վնասելու դեպքի հետ կապված

Թիվ 10/20 ընտրատեղամասից ստացված ահազանգի կապակցությամբ դեկտեմբերի 6-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում «ilur.am»-ի լրագրող Ռաֆայել Աֆրիկյանից հաղորդում է ստացվել, որ ժամը 14:30-ի սահմաններում թիվ 10/20 ընտրական տեղամասում վստահված անձ Դավիթ Սիմոնյանը դիտավորությամբ հարվածել ու կոտրել է իր տեսախցիկը և վնասել լրագրողական վկայականը:
Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, Դ. Սիմոնյանը հրավիրվել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:
Ոստիկանությունից հայտնել են նաև, որ դեկտեմբերի 6-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից Ոստիկանության Չարենցավանի բաժնում գրություն է ստացվել, որ «Թի Հայաստան» կայքէջում տեղադրված է «26/16 տեղամասում 12.02 դրությամբ ՏԸՀ անդամները սպառնում են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին» հոդվածը:
«Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ս. Թադևոսյանը հրավիրվել է Ոստիկանության Չարենցավանի բաժին` հաղորդում և բացատրություն տալու նպատակով, սակայն բանավոր հրաժարվել է հաղորդում տալուց` նշելով, որ խնդիրն առաջացել է իր վկայականի հետ կապված, քանի որ այն չի համապատասխանել գործող չափորոշիչներին, ինչից հետո խնդիրը տեղում լուծվել է:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն: Ժամը 15:20-ին Սոնա Թադևոսյանն ահազանգել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանն իր վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր Ոստիկանությունն իրեն բերման է ենթարկել»,- ասվում է Ոստիկանության հաղորդագրության մեջ: