Մեկ քաղաքացին քվեարկել է 5-ի փոխարեն. «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կայքում հրապարակվել են հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկություններ:
Ըստ կենտրոնի հրապարակած տվյալների՝ 39/32 ընտրատեղամասում դիտորդը նկատել է, ինչպես 3 տղամարդ իրենց անձնագրերում պահել են թուղթ այլ անձանց անձնագրի տվյալներով, վերցրել են քվեաթերթիկներ և քվեարկել: Հանձնաժողովի նախագահը ոչ մի կերպ չի խոչընդոտել և չի արձագանքել ահազանգին:
07/02 ընտրատեղամասում թվով երկու ընտրող` Օհանյան Հարություն, և ևս մեկը, որի տվյալները չի հաջողվել պարզել, փորձել են կրկնակի քվեարկություն կատարել, սակայն դիտորդ Մարտիրոսյան Գայանեն կանխել է:
31/07 ընտրատեղամասում տեղամասային հանձնաժողովի վիճակահանությունից հետո աշխատանքի բաշխումը չի կատարվել ըստ վիճակահանության արդյունքների: Դիտորդի դիտողությանն ի պատասխան՝ նախագահը միջոցներ չի ձեռնարկել՝ կարգը վերականգնելու համար: Կարգը վերականգնվել է ժամը 12:00-ից հետո:
31/59 ընտրատեղամասում քվեարկողներից մեկը քվեարկել է իր և իր եղբոր փոխարեն. 2 անգամ:
03/24 ընտրատեղամասում քաղաքացի Թադևոսյան Մանվելը տեղեկացրել է, որ իր և իր մոր փոխարեն, ինչպես նաև իրենց հարևանների` Ալեքսանյան Ալիկի և Ալեքսանյան Դիանայի փոխարեն, որոնք այժմ գտնվում են Շվեդիայում, տեղամասում քվեարկած է եղել: Արձանագրություն է կազմվել, սակայն կրկին չի քվեարկել: Հանձնաժողովի անդամը բացատրել է, թե սխալմունք է եղել, սակայն ոչ մի հնարավորություն չընձեռվեց քաղաքացուն քվեարկել, քաղաքացին այսպիսով զրկվելէ քվեարկելու իրավունքից:
32/01 ընտրատեղամասում դիտորդը նկատել է համատարած բաց քվեարկություն և գովք իշխանության հասցեին:
32/01 ընտրատեղամասում դիտորդը նկատել է, որ ՀՀԿ վստահված անձանց և հանձնաժողովի անդամների ձեռքին կան ցուցակներ: Հանձնաժողովի անդամները նշումներ են կատարում այդ ցուցակներում՝ համեմատություններ կատարելով ընտրողների ցուցակների հետ: Ընտրողները ներկայանում են քվեարկության թերթիկների վրա նախապես գրառված համարներով՝ ակնհայտորեն ուրիշի փոխարեն քվեարկելու նպատակով:
38/55 տեղամասում մեկ հոգի 5-ի փոխարեն քվեարկել է: Հանձնաժողովը տեղյակ էր և տեսնում էր՝ ինչ է կատարվում: Ոչ մի դեպքում խախտում չի արձանագրել: