Կանխված կրկնակի քվեարկության փորձեր և միջադեպեր Ավանի 01/15 ընտրատեղամասում
Ավանի 01/15 ընտրատեղամասում միջադեպեր են գրանցվել: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց ընտրատեղամասային հանձնաժողովի ղեկավար Արամ Սաֆարյանը, այս տեղամասում գրանցված 1958, հավելյալ ցուցակներով՝ 24 և 1 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 815 մարդ: Ըստ նրա, ի տարբերություն նախորդ տարիների, քվեարկությունը պասիվ է:
«Օրվա ընթացքում միայն մեկ խախտման դեպք է եղել, որն արձանագրել ենք: Մի անձ փորձել էր կրկնակի քվեարկել: Հանձնաժողովի անդամներից մեկը նկատել էր, աղմուկ բարձրացավ, իսկ այդ անձը փախուստի դիմեց, չհասցրեցին անձի ինքնությունը պարզել, բայց արձանագրել ենք, որ նման դեպք է տեղի ունեցել»,- ասաց Արամ Սաֆարյանը՝ վստահեցնելով, թե այլ դեպքեր չեն եղել:
Այնինչ 168.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի» դիտորդը տեղեկացրեց, որ ոստիկանական համազգեստով տղամարդկանց հետ կապված երկու կասկածելի միջադեպ է տեղի ունեցել:
«Մի ոստիկանի համազգեստով մարդ եկավ քվեարկության և ասաց, որ անձնագիրը կորցրել է, ոչ մի կերպ չի գտնում, և իր աշխատանքային գրքույկով կարող է քվեարկել, հանձնաժողովի անդամներն ասացին, որ չի կարող այդ գրքույկով քվեարկել, և անպայմանորեն անձնագիր է անհրաժեշտ, բարկացավ, դուրս եկավ: Ընդամենը մի քանի րոպե՝ գրեթե երկու րոպե անց, ինչը շատ տարօրինակ էր, նույն այդ անձը ոստիկանական համազգեստով վերադարձավ իր անձնագրով և քվեարկեց: Եղավ դեպք, երբ ոստիկանական համազգեստով անձը, ով այստեղ ծառայություն չի իրականացնում, եկավ շրջեց, զրուցեց հանձնաժողովի անդամների հետ, ապա հեռացավ: Ես այս մասին ահազանգել եմ իմ կազմակերպությանը»,- ասաց դիտորդական առաքելության ներկայացուցիչը: