Բաժիններ՝

Դատախազությունը մի շարք նյութեր ուղարկել է Ոստիկանություն

Լրատվամիջոցներում ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում նշված հանգամանքները ստուգելու համար ՀՀ գլխավոր դատախազության կողմից դրանք ուղարկվել են Ոստիկանություն: Այս մասին ասվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Ըստ դրա՝ «168 Ժամ» էլեկտրոնային կայքում հրապարակվել է ««Քաղաքացի դիտորդի» արձանագրած խախտումները քվեարկության երկու ժամերի ընթացքում» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ թիվ 9/27 ընտրական տեղամասում ընտրողների համար նախատեսված ցուցակում, որտեղ ստորագրում են քվեաթերթիկ ստանալուց առաջ, ժամը 9:00-ի դրությամբ արդեն եղել են «լցված» էջեր: ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության կողմից այն 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:

Ըստ Դատախազության՝ «lragir.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է «Էրեբունիում արդեն փո՞ղ են բաժանում» վերտառությամբ հոդված, որում ներկայացված է, որ իրենց ստացած ահազանգի համաձայն՝ Երևանի Էրեբունու թաղապետարանում 05.12.2015թ. ժամը 17:30-ից սկսած ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի գրասենյակի մոտ 70 անձ՝ հանձնաժողովի անդամներ և նախագահներ, սպասում էին իրենց հերթին, որպեսզի ստանային հանրաքվեի արդյունքներն ապահովելու համար 50.000-ական դրամը:

Ըստ հրապարակման՝ տեղեկատվությունը հասանելի է դարձել այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահներից մեկը հրաժարվել է առաջարկվող գումարից, ում նկատմամբ հնչել է սպառնալիք: Ահազանգը հնչեցնող անձը խնդրել է գաղտնի պահել իր ով լինելը: ՀՀ դատախազության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:

Դատախազությունից հայտնել են, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է հոդված, որում նշվել է, որ Ավանում ՔՀԻ շրջիկ մեքենաները տարբեր ընտրատեղամասերի մոտ նկատել են «Z+» և «Միլենա» տաքսի ծառայության տաքսիներ, որոնք «ԱՅՈ»-ի շտաբների մոտից ընտրողներին տեղափոխում են տարբեր ընտրատեղամասեր՝ ընտրելու: Նոր Նորքում ՔՀԻ դիտորդը հաղորդել է, որ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը շատ ակտիվ է, ընտրողներից հասցեներ է հարցնում, հայտարարում է, որ «ուրիշ քաղաքական ուժի թուղթ ունի», ասում է՝ «հելեք դուրս, մարդ բերեք»: Տեղամասում այլ դիտորդներ չկան: ՔՀԻ դիտորդը ցանկացել է գրանցամատյանը նայել, ՀՀԿ վստահված անձը խոչընդոտել է, սկսել է գոռգոռալ:

Ավանում դիտորդին ներս են թողել: Նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվել է: ՀՀ դատախազության Երևան քաղաքի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է

ՀՀ ոստիկանության Ավանի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:

newsbook.am կայքը «ԿՀԸ-ից հրահանգել են թույլ չտալ դիտորդներին ծանոթանալ ընտրացուցակներին. ՀՔԱ» վերտառությամբ նյութ է հրապարակել: Ըստ դատախազության՝ ՀՀ դատախազության Լոռու մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:

newsbook.am կայքում «Հանձնաժողովի անդամները ևս ակնհայտորեն ուղղորդում են ընտրողներին. «Թրանսփերենսի Հայաստան» հ/կ» վերտառությամբ նյութ է հրապարակվել, որը ՀՀ դատախազության Մալաթիա-Սեբասիա վարչական շրջանի դատախազության կողմից 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար: Թիվ 25/19 տեղամասում տեղի ունեցածի հանգամանքների ստուգումը ՀՀ դատախազության Կոտայքի մարզի դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնին:

«armlur.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է ««Ասում են՝ մինչև ապացույց չբերեք, չգաք աշխատանքի». «Սանիթեքի» աշխատակիցներին ստիպում են քվեարկել» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ իրենց խմբագրություն են ահազանգել «Սանիթեք» ընկերության Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղի աշխատակիցները, ովքեր հայտնել են, որ Արթուր և Տիգրան անուններով ղեկավարներն իրենց ստիպում են մասնակցել քվեարկությանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում աշխատանքի չեն մտնի: ՀՀ գլխավոր դատախազության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության կողմից 06.12.2015թ. այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար:

«epress.am» էլեկտրոնային կայքում հրապարակվել է ««Ուղղորդում և բազմակի քվեարկության դեպքեր». դիտորդներն ահազանգում են սպառնալիքների մասին» վերտառությամբ հոդվածը, որում ներկայացված է, որ Շենգավիթի 12/11 ընտրական տեղամասում տեղակայված թիվ 140 դպրոցում ներկա են եղել վկայական չունեցող անձինք, գրանցվել են բազմակի քվեարկության և ուղղորդման դեպքեր:
Համաձայն նույն հոդվածի՝ Վանաձոր թիվ 30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանն այցելել է թիվ 30/28 և թիվ 30/05 ընտրական տեղամասեր ու ահաբեկել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներին այն դեպքից հետո, երբ վերջիններս որոշ ձեռագիր քաղվածքներ են արել ընտրողների գրանցամատյանից: Հանձնաժողովի նախագահը սպառնացել է, որ դիտորդներին կձերբակալեն, ինչից հետո ստիպել է պատռել գրառումները:

ՀՀ դատախազության Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից այն 06.12.2015թ. ուղարկվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով նյութեր նախապատրաստելու համար: Հոդվածի՝ Վանաձորում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների ստուգման նպատակով նյութերի նախապատրաստումը ՀՀ դատախազության Լոռու մարզի դատախազության կողմից 06.12.2015թ. հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս