
Ընտրախախտումների վերաբերյալ 19 ահազանգ են ստացել

Ժամը 12:00-ի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ Օմբուդսմենի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 19 ահազանգ, իրականացվել է 2 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։ Այս մասին նշվում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ:
«Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին.
• ընտրությունների ընթացքում լրագրողին ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (5 ահազանգ)
• տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (2 ահազանգ)
• ընտրատեղամասում թեքահարթակի բացակայության (2 ահազանգ)
• անձնագրում դրվող կնիքների հետ կապված խնդիրներ (7 ահազանգ)
• ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում (3 ահազանգ)
Արագ արձագանքումներ
• Ժամը 09:50-ի սահմաններում Օմբուդսմենի աշխատակազմ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզ, գյուղ Լեռնանիստ, թիվ 25/33 ընտրատեղամասում գյուղապետը փորձել է ահաբեկել հանձնաժողովի անդամին և վստահված անձին:
Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են ընտրատեղամաս, զրուցել են ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամի և վստահված անձի հետ, ովքեր տեղեկացրել են, որ իրենք դեպքի վերաբերյալ արձանագրություն են կազմել, սակայն հանձնաժողովի նախագահը չի գրանցել արձանագրությունը:
Այնուհետև Օմբուդսմենի աշխատակիցները հանդիպել են հանձնաժողովի նախագահին, ով հայտնել է, որ այդ պահին զբաղված է եղել և այդ պատճառով չի գրանցել արձանագրությունը:
Արդյունքում, Պաշտպանի աշխատակիցների այցից հետո գրանցվել է համապատասխան արձանագրությունը:
• Ժամը 10:41-ին Օմբուդսմենի թեժ գիծ է զանգահարել ՀԱԿ-ի վստահված անձը և հայտնել, որ թիվ 10/19 տեղամասից լրագրողին դուրս են հանել:
Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են ընտրատեղամաս, զրուցել են հանձնաժողովի նախագահի հետ: Արդյունքում, կարգավորվել է լրագրողի անցագրի հետ կապված խնդիրը, ինչի մասին տեղեկացվել է նաև ՀԱԿ-ի վստահված անձը:
Առաջիկայում կստուգվեն ստացված բոլոր ահազանգերի հիմնավորվածությունը և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան իրավական միջոցներ:
Տեղեկացնենք նաև, որ պարբերաբար կտրամադրվի ամփոփ տեղեկատվություն` Աշխատակազմ ստացված ահազանգերի և արագ արձագանքումների վերաբերյալ»,- ասվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ: