«Վիճակը լուրջ է ու հնացած տեխնոլոգիաներ էլ են կիրառում». Ավետիք Իշխանյանը ներկայացնում է հայտնաբերված խախտումները
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը «Մեդիա» կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդական խմբի կողմից արձանագրված ընտրախախտումները:
«Դիտորդություն ենք իրականացնում թիվ 7 ընտրատարածքում, և այդ ընտրատարածքի թիվ 10-րդ ընտրատեղամասում նույն անձը 3 անգամ տարբեր գլխարկներով 3 անգամ գնացել է քվեարկության: Թիվ 11 ընտրատարածքում ժամը 10-ի դրությամբ մի կին տեսել է իր տղայի անունը, ով Հայաստանում չէ:
7-րդ ընտրատարածքի թիվ 15 ընտրատեղամասում վիճակը լարված էր, նույն անձը քվեարկել է երկու անգամ, ոչ ոք չէր կարողանում վերահսկել իրավիճակը: Բերում են ռուսական անձնագրերով անձանց, ովքեր ունեն հայկական անձնագրերի պատճեններ:
Դիտորդը նշեց, որ մեծահասակների են բերում, որոնց օգնում են քվեարկել, սակայն քվեարկողների անունները չեն գրանցվում:
Թիվ 22 ընտրատեղամասում կուտակումներ են և անվերահսկելի իրավիճակ:
Թիվ 23 ընտրատեղամասում 7 տեղանոց «Մերսեդեսով» բերում են խմբերով մարդկանց, որոնք քվեարկում են լրացուցիչ ցուցակներով: Ժամը 10:00-ի սահմաններում լրացուցիչ ցուցակով 9 մարդ քվեարկել է:
«Ժառանգության» վստահված անձն իրեն բավականին ակտիվ է պահել և փորձել է թույլ չտալ այդ քվեարկությունները, թաղի տղաները նրան դուրս են հրավիրել՝ հաշիվներ մաքրելու: Լրացուցիչ ցուցակում քվեարկելու համար մի աղջիկ է ներկայացել, բացի այդ, քվեարկելիս նրա ձեռքում եղել է մեկ այլ տեղեկանք: Նա միամտաբար ասել է, որ այդ տեղեկանքով էլ գնալու է քվեարկելու այլ դպրոցում:
24 տեղամասում 7 տեղանոց «Մերսեդեսով» բերում են մարդկանց խմբեր, որոնք նույնպես լրացուցիչ ցուցակով քվեարկում են: Պատկերացնո՞ւմ եք, խմբով մարդ են բերում, որոնք քվեարկում են լրացուցիչ ցուցակներով: Ես հասկանում եմ, որ կարող է մարդը գալ ու լրացուցիչ ցուցակով քվեարկել, բայց որ խմբերով են բերում, դա արդեն լուրջ հարց է:
Թիվ 25 ընտրատեղամասում բավականին շատ կողմնակի անձինք կան, ովքեր դիտորդի ճշտմամբ՝ եղել են տվյալ դպրոցի փոխտնօրենն ու տնտեսվարը, դիտորդը մոտեցել ու զգուշացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս պատասխանել է՝ դու, ավելի լավ է՝ գնա, մի տեղ նստիր: ԲՀԿ վստահված անձը մոտեցել է դիտորդին և ասել, թե դու ի՞նչ իրավունք ունես ասելու, որ կողմնակի անձ կա, և բավականին լուրջ իրավիճակ է ստեղծվել: Այսինքն՝ կան մարդիկ, որոնք ուղղորդել են:
Թիվ 26 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության փորձ է կատարվել, որը կանխվել է դիտորդների կողմից, եղել են բազմաթիվ կրկնակի քվեարկության դեպքեր, որոնք չեն կարողացել կանխել: Դիտորդը ցանկացել է մոտենալ ու տեսնել գրանցամատյանում կատարված գրառումները, բայց թույլ չեն տվել՝ ասելով, որ դրանք գաղտնի են: Մինչդեռ իրավունք չունեին նման բան ասելու:
Թիվ 27 ընտրատեղամասում մի կին եկել է քվեարկության և տեսել է , որ իր տան հասցեում գրանցված է անձ, որին չի ճանաչում: Ընտրատեղամասի ցուցակում երկու անձի անվան դիմաց դրված է եղել անհատական կնիք, բայց տվյալ անձի ստորագրությունը չի եղել: Այսինքն՝ կնիքն ու տվյալները եղել են, բայց ստորագրությունը չի եղել:
Թիվ 30 ընտրատեղամասում մի ընտրող քվեաթերթիկը ցանկացել է դուրս հանել, հանձնաժողովի անդամը՝ տեսնելով, որ դիտորդը հետևում է ընտրողին, ասել է ընտրողին, որ քվեաթերթիկը դնի ծրարի մեջ:
«ԳԵՇ» կազմակերպության դիտորդը բոլոր տեղամասերում եղել է և ասել, որ ինքը ՀՀԿ-ից է:
Թիվ 32 ընտրատեղամասում դիտորդը տեսել է, թե ինչպես են երկու երթուղային բերում մարդկանց և ցուցումներ տալիս, թե ինչպես քվեարկել:
Քիչ առաջ էլ զանգ ստացա , որ թիվ 7/26 ընտրատեղամասում լցոնումներ են կատարվում, սա զարմանալի էր, որովհետև բավական ժամանակ այդ հնացած տեխնոլոգիան չէր կիրառվում, սա նշանակում է, որ վիճակը լուրջ է, ու հնացած տեխնոլոգիաներ էլ են կիրառում»: