Ավանի 01/12 ընտրատեղամասում ուղորդող անձանց են նկատել, որոնք կուտակումներ են առաջացրել
Ավանի 01/12 ընտրատեղամասում կասկածելի երևույթներ են գրանցվել: Մեզ հետ զրույցում «Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ» կազմակերպության ներկայացուցիչ, դիտորդ Ծովինար Մանուկյանը տեղեկացրեց, որ ողջ օրվա ընթացքում նկատվել են ուղղորդումներ:
Ըստ նրա, հիմնականում առավոտյան ժամերին նկատել են անձանց, որոնք ուղեկցել են ընտրող քաղաքացիներին՝ տեղամաս, սակայն իրենք չեն քվեարկել:
«Այս տեղամասում զննելու էր եկել նաև ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը, ես տեղեկացրի նրան, որ նկատել ենք ուղորդող անձանց, սակայն չեղավ նրա կողմից որևէ արձագանք: Ստիպված ահազանգել եմ իմ կազմակերպությանը: Կցանկանայի նաև նշել, որ չափազանց բարձր է քվեարկությանը տարեց մարդկանց մասնակցությունը, ինչը ևս շատ կասկածելի է»,- ասաց Ծովինար Մանուկյանը: