
«Նրանք մինչև հանրաքվեի անցկացումն էլ էին արձանագրում խախտումներ, ինչ էլ լինի, նրանք ասելու են՝ հանրաքվեն կեղծվել է». Արմեն Ռուստամյան

«Քվեարկել եմ հանուն իսկապես այն Հայաստանի, որը վաղուց էինք երազում, անցյալում կատարած սխալներն ուղղելու համար եմ քվեարկել, նրա համար, որ իշխող կուսակցությունը և պետությունը չնույնանա, ու իսկապես սկսենք լուրջ, խորքային բարեփոխումների մի ընթացք»,- սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Հարցին՝ ՀՅԴ-ն դեռ հանրաքվեի ընթացքում խախտումների մասին ահազանգեր չի՞ ստացել, Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ՝ ոչ, իրենք դեռ նման ահազանգեր չեն ստացել: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե լրագրողները, «Ոչ»-ի ճակատի մի շարք ներկայացուցիչներ համատարած, աղաղակող խախտումներ են գրանցել, Ա. Ռուստամյանն այսպես արձագանքեց.
«Ես, ճիշտն ասած, այդ ամբողջ ինֆորմացիան պետք է ստուգեմ, չեմ կարծում՝ իդեալական հանրաքվե կլինի, բայց մենք բոլոր տեղամասերում ունենք մեր ներկայացուցիչները, ու իրենց արձանագրումների վրա էլ կհիմնվենք»:
Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներն արձանագրում են խախտումները, իսկ ՀՅԴ-ինը՝ ոչ, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց.
«Նրանք մինչև հանրաքվեի անցկացումն էլ էին արձանագրում, ինչ էլ լինի, նրանք ասելու են՝ հանրաքվեն կեղծվել է»: Հարցին էլ, բայց եթե կասկածի տակ դրվեն հանրաքվեի արդյունքները, պե՞տք է Ձեզ նման «այո», Ա. Ռուստամյանը պատասխանեց, որ, եթե կասկածի տակ դրվի, պետք է ապացուցվի, «այո»-ից կարևոր է հանրաքվեի լեգիտիմությունը. «Բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ նորմալ գալիս են, ակտիվ քվեարկում են, նման ինֆորմացիա մենք չունենք»: Նա ասաց, որ եթե «այո»-ն չանցնի, իրենք էլի պայքարելու են այս համակարգի փոփոխության համար: