Էրեբունու թիվ 13/9 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից ՀԱԿ ներկայացուցիչը բացակա է

Էրեբունի վարչական շրջանի թիվ 13/9 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Այվազյանը մեզ հետ զրույցում խոսելով Սահմանադրության հանրաքվեի ընթացքի մասին՝ նշեց, որ ամեն ինչ նորմալ է ընթանում, և ոչ մի արտառոց դեպք չի գրանցվել։

Ընդդիմադիր ուժերից «Ժառանգություն» և «Օրինաց Երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները նույնպես նշեցին, որ ընտրությունները նորմալ են ընթանում։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ հանձնաժողովի անդամներից Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչը բացակա է, իսկ պատճառը հայտնի չէ։

Ընտրատեղամասում ներկա ՀԱԿ-ի վստահված անձ Արա Սեդրակյանը մեզ հետ զրույցում նշեց. «Ընտրատեղամասում որևէ խախտում առանձնապես չի գրանցվել, բայց դրսում խախտումներ՝ ինչքան ուզեք։

Կա մարդկանց կուտակում, մարդկանց խմբերով բերում են ընտրատեղամաս, ինչքանով որ տեսնում ենք՝ նույն մարդիկ են, այսինքն՝ ուղեկցող մարդիկ նույն անձնավորություններն են, անընդատ խմբերով մարդիկ են բերում ընտրատեղամաս։ Այս մասին խախտումների մատյանում դեռ չենք գրանցել, բայց եթե այսպես շարունակվի, ապա որպես խախտում՝ կգրանցենք մատյանում, քանի որ այդ նույն կրկնվող մարդիկ անընդհատ մարդիկ են բերում, և դրսում նույն այդ մարդիկ ղեկավարում են ինչ-որ պրոցես»։

Տեսանյութեր

Լրահոս